ԱՄՆ-ը սկսել է թեթև սպառազինության մատակարարումները «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորման (SDF) սիրիացի քրդերին։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի երկու պաշտոնյայի։
Զինվորական պաշտոնյաներից մեկի տվյալներով՝ մատակարարումները սկսվել են վերջին 24 ժամում։ Սակայն հեռուստաալիքի աղբյուրներից ոչ մեկը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է մատակարարվում սիրիացի քրդերին։ Հայտնի չէ նաև, թե ինչպես են իրականացվում մատակարարումները։
Ավելի վաղ ամերիկացի զինվորականները հայտնել էին, որ ծրագրում են սիրիացի քրդերին մատակարարել զինամթերք, ինքնաձիգներ, զրահաբաճկոններ, ռացիա, բուլդոզերներ, ավտոմեքենաներ և ինժեներային սարքավորումներ։
Վաշինգտոնի որոշումը կարող է առաջացնել Թուրքիայի զայրույթը, որը մեղադրում են քրդերին անջատողականության մեջ։
Պենտագոնը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» համարում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կարևոր մաս, հատկապես Ռաքքայի ազատագրման գործում, որը 2014 թվականից վերահսկվում է ԴԱԻՇ-ի կողմից։
Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել էր ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար սիրիացի քրդերին զինելու պլան։









































