Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ֆրանսիական «Սաուր» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Պատրիկ Լորենի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչ, «Սաուր Սևան» ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Միշել Ֆուրեի հետ: Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը Հայաստանում, ջրամատակարարման ոլորտում իրականացված ծրագրերը և ընդծել, որ բացի ջրամատակարարումից «Սաուր» ընկերությունը մասնագիտացած է նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ աղբահանության, աղբի վերամշակման ու տեսակավորման:
Կարեն Կարապետյանն ընդգծել է Երևանում ներդրումային հետաքրքրություններ ունեցող ոլորտների՝ մասնավորի կառավարմանը հանձնելու քաղաքապատերանի դիրքորոշումը և նշել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է և բաց է փոխշահավետ համագործակցության ցանկացած առաջարկ քննարկելու համար:
Քաղաքապետը առաջարկել է «Սաուր»-ին մասնակցել Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման առաջիկա մրցույթին:









































