«Հասարակություն՝ առանց բռնության» ՀԿ-ն ամբողջ հանրապետությունում անց է կացրել սոցոլոգիական հարցում, որի նպատակն է հայտնաբերել, թե որոնք են մեր հասարակության գենդերային հիմքով կարծրատիպերը, և ինչպես կարելի է ձերբազատվել դրանցից:
Հարցումը ցույց է տվել, որ ամենից հաճախ գենդերային անհավասարություն դրսևորվում է շրջապատում (56.7%) և ընտանիքում (37.7%):
Քանի որ հարցումը անցկացվել է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, այն վեր է հանում բռնության դեպքերի և դրանց մասին պատկերացումների տարբերությունները մայրաքաղաքային և մազերի հասարակություններում: Եթե մարզերում բռնության դեպքերի ականատես եղել են հարցվածների 74.2%-ը, ապա Երևանում՝ 25.8%-ը:
Տարբեր են նաև կարծրատիպերի մասին պատկերացումները՝ պայմանավորված հարցումների տեղով, նաև հարցվածների սեռով. օրինակ՝ «Կարևո՞ր է արդյոք ձեզ համար ձեր ապագա ամուսնու/կնոջ կուսությունը» հարցին պատասխանելով՝ տղամարդկանց 58.5%-ը անհրաժեշտ է համարել միայն աղջկա կուսությունը, իսկ կանանց 77.9%-ը համարել է, որ և՛ աղջիկը, և՛ տղան պետք է մաքուր լինեն: Մինչդեռ միայն 21%-ն է պատասխանել, որ դա միմիայն տվյալ զույգի խնդիրն է:









































