Եվրոպական թերթերը մնացել են առանց պետության ու հարուստ սեփականատերերի աջակցության և այժմ ստիպված են կտրուկ կրճատել ծախսերն ու վերացնել ներկայությունը համացանցում: Այս մասին հայտնում է Vedomosti-ն:
Մինչև վերջին շրջանը եվրոպական թերթերի մեծ մասը չուներ բյուջեի կրճատման մասին մտածելու կարիք, հարկ չկար սնանկությունից վախենալ և համացանցում եկամտի նոր աղբյուրներ որոնել, մի խոսքով՝ այն ամենի, ինչը ճնշել է ԱՄՆ-ի հրատարակչության ոլորտը: Միայն Ֆրանսիայում թերթերը կառավարությունից 2012-ին ստացել են 800 մլն եվրոյի սուբսիդիա և հարկային արտոնություններ: Ճգնաժամային Հունաստանն աջակցել է մոտ 70 պարբերականի, որոնք գոյատևել են առաջին հերթին պետական ընկերությունների գովազդային բյուջեների հաշվին:
Այժմ այդ համակարգը կործանվում է, հատկապես Եվրոպայի հարավում: Սուբսիդիաները դարձել են բյուջետային տնտեսման զոհը, իսկ տպագիր գովազդի շուկան տարեկան կորցնում է առնվազն 10 տոկոս: Հայտնի ֆրանսիական La Tribune-ը դարձել է շաբաթաթերթ, իսկ իսպանական առաջատար El Pais թերթի սեփականատերը մոտ է սնանկացմանը: Մի քանի տասնյակ պարբերականներ Իսպանիայում և Հունաստանում դադարեցրել են գոյությունը:
Ֆրանսիայում թերթերի տպաքանակը վերջին 4 տարում նվազել է 1/3-ով, իսկ սուբսիդիաները մինչ 2015 թվականը կնվազեն 29 տոկոսով՝ 2010-ի համեմատ:
Թերթերի եկամուտները նվազել են նաև Գերմանիայում, սակայն 2008-ի համեմատ՝ ընդամենը 10 տոկոսով:









































