2008-ի ձմռանը Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հավաքները Թալինում մեծ շուքով կազմակերպելու համար կալանավորված, 2010-ի հունիսին ազատ արձակված Ժորա Սափեյանն ընկել է դատական իշխանության լարած ծուղակը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Կաթնաղբյուր գյուղի նրա գազալցակայանի գործունեությունը վտանգված է: Պատճառն այն է, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը հայտնաբերել է, որ գազի հաշվիչի պտուտակներից մեկը թույլ է, ինչը նշանակում է, որ գազի հաշվարկը սխալ է արվել, ենթակա է տուգանքի:
Մինչդեռ Չափագիտության ազգային ինստիտուտի փորձագետը փաստաթուղթ է տվել, համաձայն որի՝ մի պտուտակը «չէր կարող հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման»:
7,5 մլն դրամ տուգանքի հարցը Սափեյանը վիճարկել է դատարանում. առաջին ատյանում հաղթել է, ու երբ գործին խառնվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մատը, նա պարտվել է մյուս ատյաններում.
«Նրա անմիջական հրահանգով սպանվեց արդարությունը: Ես չեմ պատրաստվում լռել, դիմելու եմ Սերժ Սարգսյանին, որ տեսնի, թե Մկրտումյանն ինչպես է ճնշում դատավորներին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































