Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և այսօր արդեն կհայտարարի՝ կկայանա՞ հոկտեմբերի վերջին նշանակված իր այցը Վաշինգտոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով վարչակազմի ներկայացուցչին:
Զրույցը տևել է 20 րոպե: Քննարկված թեմայի մասին չի հաղորդվում:
Երկու երկրների հարաբերությունները բարդացել էին այն բանից հետո, երբ հատվածներ էին հրապարակվել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից տրամադրված փաստաթղթերից: Դրանցում ասվում էր, որ ԱՄՆ-ը քաղաքական և արդյունաբերական լրտեսում է իրականացրել Բրազիլիայի դեմ, այդ թվում՝ որսացել Ռուսեֆի հեռախոսային խոսակցությունները և հետախուզական գործունեություն ծավալել Petrobras նավթային հսկայի նկատմամբ: Սկանդալի հետ կապված Բրազիլիան ԱՄՆ-ից պաշտոնական գրավոր պարզաբանումներ էր պահանջել:










































