Մայիսի 30-ին Վարշավայում հանդիպել են Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը: Լեհական ռադիոն հաղորդում է, որ սա հերթական հանդիպումն է Լեհաստանի կողմից Եվրամիության նախագահությունը ստանձնելու նախօրեին: Բացի ընդհանուր եվրոպական օրակարգային խնդիրներից, կողմերը քննարկել են նաև արևելյան հարևանության եվրոպական քաղքականությունը և «Արևելյան գործընկերությունը» ծրագիրը:
Հանդիպումից հետո Դոնալդ Տուսկն ասել է, որ, շնորհիվ շվեդա-լեհական «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնության, այդ ծրագրի անդամ երկրների համար բացվել են Եվրամիության հետ ինտեգրվելու հեռանկարներ: «Սա երկու երկրներից կողմից շատ լուրջ աջակցություն է միլիոնավոր մարդկանց ապագային, որոնք իրենց եվրոպացի են զգում և կարիք ունեն հստակ հեռանկարների: Իսկ շվեդա-լեհական համագործակցության շնորհիվ այդ հեռանկարը դառում է շատ ավելի հստակ»,- ասել է Տուսկը:
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներ են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը: Տեղեկացնենք նաև, որ Լեհաստանը ստանձնում է Եվրամիության նախագահությունն այս տարվա երկրորդ կիսամյակում` հուլիսի 1-ից: