Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաև քաղաքական աշնան զարգացումներին: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային Միությանը անդամակցելու հայտարարությունը քաղաքական դաշտի վրա ազդեցություն կունենա, և այս առումով վերադասավորումներ կլինեն:
Նրա խոսքով՝ այն խորը ընդդիմադիր ուժերը, որոնք քննադատում էին Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ, բայց համաձայն էին անդամակցելու այս պատրաստակամությանը, կշարունակեն ասել՝ Սերժիկ, հեռացիր, բայց քաղաքական ուժերի միջև խորքային հակասություններ չեն լինի:
«Իմ կարծիքով՝ աստիճանաբար կձևավորվի այն թիմը, որը հասկանում է Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագրի մաս չկազմելու վտանգը»,- ասաց նա:
Նա կարծում է, որ ընդդիմության շարքերում էլ վերադասավորումներ կլինեն: Հովհ. Իգիթյանի համոզմամբ՝ մյուս քաղաքական ուժերի զգուշավոր հայտարարությունը՝ կապված Սերժ Սարգսյանի որոշման հետ, պայմանավորված է նրանով, որ իրենք Սերժ Սարգսյանի հետ համաձայն են:
Հարցին՝ շատե՞րը կընդդիմանան Սերժ Սարգսյանի որոշմանը, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ ՀՀԿ-ում անձնական կարծիքը նշանակություն չունի, և երբ հարցը ԱԺ-ում դրվի քննարկման, հազիվ թե լուրջ բանավեճեր լինեն. «Ավելին՝ ՀՀԿ-ականնները շատ հարցերում կարող է համակարծիք չլինեն, բայց երբ գալիս է քվեարկելու պահը, միաձայն քվեարկում են»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































