Արդեն այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկությանը կարող է ներկայացվել Սիրիայի հարցով բանաձևը՝ TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մենք կարող ենք այդ բանաձևն ընդունել մինչև շաբաթվա վերջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Նա նշել է, որ Սիրիային հարվածելու հնարավորությունը չպետք է հանվի օրակարգից, այլապես անհնար կլինի ռեժիմին ստիպել հրաժարվել քիմիական զենքի կիրառումից: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Օլանդը նաև հաստատել է, որ երկուշաբթի սիրիական հարցի քննարկման համար ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շաբաթ Ժնևում ավարտել են Սիրիայում քիմիական զինանոցների վերաբերյալ բանակցությունների երրորդ ռաունդը և հասել մի շարք պայմանավորվածությունների, համաձայն որոնց՝ մինչև 2014-ի կեսերը արաբական հանրապետությունում պետք է ոչնչացվի քիմիական զենքը: Բացի այդ, քիմիական զենքի արտադրության սարքավորումները պետք է ոչնչացվեն մինչև այս տարվա նոյեմբեր:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, դրանց աջակցել են նաև Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն:
Սիրիայի ազատ բանակը մերժել է ռուսական նախաձեռնությունը և հանդես է եկել Լավրովի ու Քերիի պայմանավորվածությունների դեմ:









































