Ինդոնեզիայում վերսկսվել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ Բալի կղզում անցկացվող «Միսս Աշխարհ-2013» գեղեցկության մրցույթի: Ինչպես տեղեկացրել են ոստիկանության ներկայացուցիչները՝ հարյուրավոր ցուցարարներ Ջակարտայում և այլ քաղաքներում փողոց են դուրս եկել՝ պահանջելով կանխել այդ «անբարոյական» մրցույթի անցկացումը:
Ցուցարարների խոսքերով՝ այդ մրցույթը վիրավորում է մուսուլմանների կրոնական զգացումները, իր մեջ կրում է այն գաղափարախոսությունը, համաձայն որի՝ «կինը իր է, իսկ նրա բարեմասնությունները՝ առևտրի առարկա»: Իրավապահների տվյալներով՝ որոշ ցուցարարներ նույնիսկ փորձել են մտնել Բալի կղզի, որտեղ ուժեղացված հսկողության տակ սեպտեմբերի 8-ից անցկացվում է գեղեցկության մրցույթը, սակայն նրանց կանգնեցրել են ոստիկանները:
Ինդոնեզիայում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել էին դեռ գեղեցկության մրցույթից մի քանի շաբաթ առաջ: Հասարակական ճնշումների ազդեցության տակ Ինդոնեզիայի կառավարությունը ստիպված կրճատել է մրցույթին տրամադրվելիք տարածքները: Բոլոր արարողությունները կանցկացվեն միայն Բալի կղզում, որտեղ տեղի բնակչությունը սովոր է ամբողջ աշխարհից մեծաթիվ զբոսաշրջիկների ներկայությանը:
Ինչևէ, Ջակարտան փակ է ոչ բոլոր գեղեցկուհիների համար: Չորեքշաբթի այնտեղ կանցկացվի մուսուլմանական աշխարհի գեղեցկուհիների մրցույթը: Մրցույթին կմասնակցեն 20 աղջիկներ՝ Ինդոնեզիայից, Իրանից, Բանգլադեշից, Բրունեայից, Նիգերիայից և այլ մուսուլմանական երկրներից:








































