Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:
Դատական ակտի համաձայն՝ 22-ամյա Ռոբերտը 2013 թվականի հունվարի 2-ին վագոն-տնակում իր ընկերուհի, ակնհայտ 16 տարին չբոլորած՝ 1999 թվականի մարտի 2-ին ծնված, դեռևս 13-ամյա Կ.-ի հետ, նրա կամքով ունեցել է սեռական հարաբերություն:
Աղջիկը հղիացել է: Ապրիլի 25-ին, գտնվելով 12 շաբաթական հղիության շրջանում, անչափահասն ունեցել է հղիության ընդհատում և բուժօգնության է դիմել Երևան քաղաքի պերինտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Ռոբերտն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ, իրոք, 2012 թվականի մայիսին ծանոթացել ու սկսել է մտերմություն անել անչափահաս Կ.-ի հետ:
Համակրելով նրան՝ սիրո խոստովանություն է արել, ապա այդ մասին հայտնել աղջկա մայրիկին: Վերջինիս թույլտվությամբ պարբերաբար հանդիպել է Կ.-ի հետ, նրա համար հագուստ գնել, հոգացել նրա… դպրոցական ծախսերը:
2013 թվականի հունվարի 2-ին իրենք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:
Ապրիլի 25-ին ինքն իմացել է, որ Կ.-ի հղիությունն ընդհատվել է:
Բուժում ստանալուց հետո աղջիկը, ծնողների համաձայնությամբ, տեղափոխվել ու բնակվում է իր բնակարանում, իրենք վարում են համատեղ տնտեսություն և անհամբեր սպասում են, որ Կ.-ն դառնա չափահաս, որպեսզի զագսավորվեն:
Ռոբերտը խնդրել է, որ դատարանն իր նկատմամբ մեղմ պատիժ սահմանի:
Տուժող ճանաչված, դատաքննության ժամանակ 14 տարեկան աղջիկը համանման ցուցմունք է տվել, ասել, թե իր ամուսնու դեմ չի բողոքում: Խնդրել է, որ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակվի, որպեսզի ամուսինը մնա իր կողքին:
Աղջկա օրինական ներկայացուցիչը՝ մայրը ընդունել է, որ տեղյակ է եղել Ռոբերտի ու իր աղջկա զգացմունքների մասին, բայց որ նրանք փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ են ունեցել, իմացել է հիվանդանոցում, այն ժամանակ, երբ աղջկա 12 շաբաթական հղիությունն ընդհատվել է:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Ռոբերտի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով՝ ակնհայտ 16 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար:
Ռոբերտը դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի:







































