Հանգստից աշխատանքային առօրյային անցումը շատերի համար սթրես է, որից ազատվելու համար ժամանակ է պահանջվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հոգեբան Սամվել Խուդոյանն ասաց, որ ցանկացած փոփոխություն մարդու համար կարող է սթրես լինել, անգամ հանգստի գնալն է սթրես առաջացնում: Դա պայմանավորված է նրանով, որ ցանկացած փոփոխություն հարմարում է պահանջում:
Նրա հավաստմամբ՝ շատ ավելի հեշտ է, երբ մարդը մի երկրում է բնակվում և այդ երկրում էլ կազմակերպում է իր հանգիստը, քան եթե այլ երկիր է մեկնում. «Այլ երկրներ մեկնողների համար հարմարման այլ պայմաններ են պետք, մարդը փոխում է սնունդը, ապրելակերպը: Հաճախ հանգստի մեկնող երեխաները առաջին մի քանի օրերին հիվանդանում են: Դա պայմանավորված է նրանով, որ փոխվում են ապրելու պայմանները»:
Հոգեբանն ասաց, որ ավելի դժվար է նրանց համար, ովքեր ժամանակային գոտի են փոխել: Նրանց հոգեբանը խորհուրդ տվեց շատ քնել և միանգամից չանցնել աշխատանքի:
Հանգստից վերադարձողների համար կարևոր է, որ մի քանի օր մնան տանը, հետ գան հանգստյան տրամադրություններից, նոր վերադառնան առօրյա աշխատանքին, որպեսզի սթրեսը մեծ չլինի: Այնուամենայնիվ, պարոն Խուդոյանն ասաց, որ հանգստից հետո սթրեսը շատ հազվադեպ դեպքերում է վատ անդրադառնում առողջության վրա, սովորաբար մարդիկ կարողանում են հեշտորեն ինտեգրվել աշխատանքային կյանքին:
Շատ կարևոր է տրամադրվածությունը, իսկ ճիշտ հանգիստ անցկացնելու դեպքում մարդը հաճույքով է գնում աշխատանքի. «Պետք է հիշել, որ սթրեսից ազատվելու ամենալավ տարբերակը աշխատանքն է: Ավելորդ սթրեսներից խուսափելու համար անհրաժեշտ է լավ տրամադրությամբ գնալ աշխատանքի»,- եզրափակեց մասնագետը:







































