1990-ից ի վեր աշխարհում երեխաների մահացությունը նվազել է գրեթե 2 անգամ: Այս մասին նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի նոր զեկույցում:
2012-ին աշխարհում մահացել է 6.6 մլն երեխա, իսկ 1990-ին այդ ցուցանիշը կազմել է 12 մլն, հաղորդում է ITAR-TASS-ը:
Այսպիսով, միջազգային հանրությունը մոտեցել է Հազարամյակի զարգացման նպատակներին, որոնք առաջադրվել են 2000-ին Նյու Յորքում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում: Այդ ժամանակ մասնավորապես ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են մինչև 2015-ը երեխաների մահացության մակարդակը նվազեցնել 2/3-ով՝ 1990-ի համեմատ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ հիմնականում երեխաների մահվան պատճառ են դառնում թոքաբորբը, փորլուծությունը և մալարիան:
Բացի այդ, մանկական մահացության դեպքերի կեսից ավելին գրանցվում է 5 երկրներում՝ Չինաստանում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Պակիստանում, Հնդկաստանում և Նիգերիայում: Վերջին 2 երկրներում մահանում է աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների 35 տոկոսը:
Ըստ տարածաշրջանների՝ «առաջատար» են Աֆրիկան և Ասիայի հարավային հատվածը:








































