ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ է նշանակել ԱՄՆ նախագահական ընտրարշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննման համար։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով գերատեսչությանը։
Այդ պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Մյուլերը, ով 2001-2013 թթ գլխավորել է Հետաքննությունների դաշնային բյուրոն։
Ինչպես պարզաբանել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնը՝ անհրաժեշտ էր անկախ փորձագետ՝ հետաքննությունը վերահսկելու համար։
Ռուսաստանի հետ Թրամփի թիմի հնարավոր կապերի հետաքննման համար հատուկ դատախազ նշանակելու պահանջը հնչեցվել է այն բանից հետո, երբ մայիսի 10-ին նախագահը հեռացրել էր ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմիին։ Վերջինս հետաքննել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կապերը ՌԴ-ի հետ։








































