Հայաստանում բավականին լարված տրամադրությունները՝ արտաքին ու ներքին քաղաքական իրողությունների պատճառով, երեկ լիցքաթափել է արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Պատկերացրեք, որ նրան երևի հաջողվել է նույնիսկ ինչ-որ առումով ստվերել Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը Երևան: Գլխավոր դատախազը սրտառուչ հրաժեշտի արարողություն է կազմակերպել դատախազության դիմաց՝ խոնարհումով և համբույրներով: Ո՛չ, Աղվան Գառնիկիչը ոչ դատախազության աշխատակիցներին է համբուրել և ոչ էլ քրեական օրենսգիրքը: Նա համբուրել է դատախազության դուռը: Ինչ խոսք, պակաս օրիգինալ չէ:
Ընդհանրապես, դատախազի հրաժեշտի արարողությունն իսկապես օրիգինալ է: Նորմալ երկրներում, դատախազները հասարակության ուշադրությունը գրավում են, հասարակության հիշողության մեջ են մնում և նաև երկրի պատմության էջերում են գրանցվում իրենց գործունեությամբ, հանցավորության, կոռուպցիայի դեմ անկոտրում պայքարով, իրավակարգի պահպանման համար կատարած սկզբունքային աշխատանքով: Սակայն քանի որ Աղվան Հովսեփյանը այս ամենի հետ, մեղմ ասած, կապ չունի, և նույնիսկ հակառակը՝ նա աչքի է ընկել Հայաստանում իշխող հակասահմանադրական կառավարման համակարգի պաշտպանությանը և պահպանմանն ուղղված քայլերով, նա բնականաբար պետք է ամեն ինչ աներ հասարակության հիշողության մեջ գոնե իր հրաժեշտի հուզախռով արարողությամբ:
Պետք է ասել, դատելով արձագանքներից, որ Աղվան Հովսեփյանին դա այնքան էլ չի հաջողվել, քանի որ այս ամենը ավելի շատ զավեշտալի ընկալում է ունեցել: Իսկ Հայաստանի հասարակությունը շատ ավելի ադեկվատ է, և գլխավոր դատախազի պաշտոնը նրա համար գրական-գեղարվեստական երեկոյի առիթ չէ: Այդ պաշտոնը հասարակությունը շատ ավելի լուրջ է ընկալում և շատ ավելի լուրջ պահանջներ ունի պաշտոնը զբաղեցնող ցանկացածի հանդեպ:
Այս տեսանկյունից, ինչքան իշխանությունները փորձում են անլրջացնել հայոց պետականությունը` արդարացնելու համար այն սեփական իշխանության և հարստության համար միջազգային առևտրի հանելը և պարբերաբար վաճառելը՝ հիմնականում Ռուսաստանին, այնքան հասարակության մոտ սրվում է այդ պետականության զգացումը: Ինչքան Սերժ Սարգսյանը Հայաստանի արժանապատվության հետ է խաղում՝ շնորհավորելով ինչ-որ քաղաքապետի ընտրություն Ռուսաստանում, այնքան հասարակության մոտ սրվում է պետության և ազգային արժանապատվության զգացումը:
Եվ ուրեմն` իշխանությունների այս գործողությունները ինչ-որ առումով նույնիսկ խթանում են Հայաստանում բավական դրական տրամադրություններ և խորքային առումով հասարակության համար նույնիսկ արթնացնող դերակատարում են ունենում, ստիպում են հասարակությանը նկատել բաներ, որոնք այլ, ավելի լոյալ կամ միջինացված վիճակներում ինչ-ինչ պատճառներով չեն նկատվում: Սա հաճախ կոչվում է շոկային թերապիա: Սակայն նման անվանումները միգուցե պայմանականություն են, և այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես կանվանվի առկա իրողությունը:
Կարևոր է, որ թեկուզ դանդաղ, սակայն կամաց-կամաց ցրվում է այս թատրոնի հանդեպ անտարբերությունը և մարդիկ սեփական պետության մեջ այլևս սկսում են իրենց զգալ ոչ թե տոմս գնած հանդիսատեսներ, որոնք առավելագույնը կարող են սուլել վատ ներկայացման դեմ և հետ պահանջել տոմսերը, այլ սեփականատերեր, որոնք իրենք են կայացնում զարգացման համար անհրաժեշտ որոշումները:





































