Արդեն ոչ ոքի համար նորություն չէ, որ վերջին ժամանակահատվածում Ռուսաստանի թիրախում են հայտնվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել պատրաստվող պետությունները:
Հայաստանի դեպքում որպես ճնշում Ռուսաստանը մեկ միլիարդ դոլարի զենք վաճառեց Ադրբեջանին, բարձրացրեց գազի գինը, Ուկրաինայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեցին: Սակայն Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, տեղի չտվեց՝ համենայնդեպս առայժմ, հիմա հերթը հասել է Մոլդովային: Այստեղ ևս պատժամիջոցներն առայժմ միայն տնտեսական բնույթ են կրում: Ռուսաստանի կողմից արգելվել է Մոլդովայի գինիների ներմուծումը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյումրեցի լրագրող, Մոլդովայի օգտին լրտեսության մեղադրանքով նախկինում դատապարտված, այժմ Մոլդովայում բնակվող Էռնեստ Վարդանյանը անդրադառնալով Ռուսաստանի կողմից կիրառվող ճնշումներին՝ ասաց. «Առայժմ կարող եմ ասել, որ Մոլդովայի խնդիրները նոր են սկսվել: Այն, որ Մոլդովայի գինիները թույլ չեն տալիս ներմուծել Ռուսաստան՝ առաջին քայլն է, որքանով որ ես եմ տեղյակ՝ հիմա պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել նաև բանջարեղենի և մրգերի հետ կապված: Դրանից հետո, ըստ իս, կգա Ռուսաստանում աշխատող մոլդովացիների հարցը, գազի գնի հարցը և այդպես շարունակ»:
Էռնեստ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի և Մոլդովայի դեպքերը, չնայած կիրառվող պատժամիջոցներին, մի փոքր տարբերվում են. «Եթե, օրինակ, Հայաստանում Ռուսաստանը կարող է ճնշել Ղարաբաղի կամ Սերժ Սարգսյանի իշխանության հարցով, ապա Մոլդովայի դեպքը մի փոքր այլ է:
Մոլդովան տնտեսապես շատ թույլ պետություն է՝ կախված Ռուսաստանից, և վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանը ճնշելու նպատակով այդ հանգամանքը պարբերաբար օգտագործել է: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսաստանը կօգտագործի նոր քայլեր Մոլդովային ճնշելու համար:
Ես չեմ կարող ասել, համոզված չեմ՝ Մոլդովայի իշխանությունը կհրաժարվի՞ Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից, թե՞ ոչ, որովհետև պետք է հասկանալ մեկ բան՝ Մոլդովայի իշխանությունը Ռուսաստանի իշխանության դեմ իշխանություն է՝ ի տարբերություն Հայաստանի:
Մոլդովայի բնակչության մեծ մասը, ի տարբերություն Հայաստանի բնակչության, Ռուսաստանի դեմ է․ այսինքն՝ ինչքան դու ճնշես Մոլդովային, այնքան շատ է Մոլդովան ուզում շարժվել եվրոպական ուղղությամբ: Մի կողմից ժողովուրդն ուզում է գնալ դեպի Եվրոպա, մյուս կողմից՝ պետությունը կախված է Ռուսաստանից… մենք չգիտենք, թե գործընթացը դեպի որ ուղղությամբ կշարժվի:
Մեր դիտարկմանը, թե Մոլդովայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Քիշնևի օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ կառավարության որոշման գործողությունը՝ այն դեպքում, երբ այն 49 տարով կոնցեսիոն կառավարման էր հանձնված ռուսական «Ավիա-Ինվեստ» կոնսորցիումին, և ռուսական ընկերությունը պետք է 240 միլիոն եվրոյի ներդրում աներ, և հարցին՝ հնարավո՞ր է սա Ռուսաստանի ճնշումներին պատասխանելու և դիմակայելու առաջին քայլն է Մոլդովայի կողմից, Էռնեստ Վարդանյանը պատասխանեց․ «Օդանավակայնն այստեղ կապ չունի, որովհետև դա ավելի շատ հանցագործների հետ է կապված՝ Մոլդովայի գողական բանդիտների: Եթե Մոլդովան ուզում է գնալ Եվրոպա, դա չի նշանակում, որ Մոլդովայի իշխանության բոլոր ներկայացուցիչները եվրոպացի են, ո՛չ, բոլորովին էլ այդպես չէ, Մոլդովայի իշխանության էությունը եվրոպական չէ, հակառակը՝ մաքուր խորհրդային էություն ունեն: Նույն կաշառակերները, որ նստած են Մոսկվայում ավելի մեծ, Քիշնևում նստած են ավելի փոքր: Օդանավակայանի հարցը մաքուր գողական գործ է, որ կապ չունի ո՛չ գինիների, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Եվրոպական միության հետ»:
Մեր հարցին՝ իր գնահատմամբ՝ Մոլդովան կկարողանա՞ դիմակայել ճնշումներին և այնուամենայնիվ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում նախաստորագրի՞ Ասոցացման համաձայնագիրը, մեր զրուցակիցն ասաց. «Մոլդովան ունի վերբալ օգնություն Եվրոպայի՝ Ռումինիայի կողմից, բայց մենք շատ լավ հիշում ենք 2008 թիվը, երբ ավելի պրոեվրոպական պետություն Վրաստանը ԵՄ-ից ստացավ միայն վերբալ օգնություն և չկարողացավ իրեն պաշտպանել, դիմակայել պատերազմի ժամանակ:
Եվրոպայի օգնությունն ունի իր սահմանները. այսինքն, երբ ասում են՝ մենք կպաշտպանենք Մոլդովային, կօգնենք, կարո՞ղ է պարոն Ֆյուլեն կամ մյուսը Մոլդովայի ամբողջ գինին բերեն տանեն իրենց երկիր և վաճառեն, իհարկե՝ ոչ․․․ այսինքն, երբ ասում են՝ կօգնենք, չպետք է միանշանակ ընդունել, դա բիզնեսի հարց է: Ռումինիայի նախագահը կարող է ասել՝ մենք կառնենք ամբողջ գինին, դա խոսք է, բիզնեսն է որոշում՝ առնել կամ չառնել, ինչ քանակությամբ, երբ: Մենք պետք է հասկանանք, որ երբ նրանք խոսում են՝ դա մի բան է, երբ գործում՝ այլ․․․ պետք է հասկանանք խոսքի և գործի միջև սահմանը»:









































