Հայաստանի Անկախության 22-ամյակի առթիվ հնարավոր համաներումով կարող է լուծվել Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը, անգամ եթե համաներման նպատակը դա չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը` միաժամանակ նկատելով, որ սա խնդրի լուծման տարբերակ չէ:
«Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը պետք է լուծվեր նախ վաղաժամկետ ազատման համակարգի հարցի լուծմամբ, որ այսօր չի գործում: Երկրորդ տարբերակն այլընտրանքային խափանման միջոցների և ազատազրկման այլընտրանք հանդիսացող այլ պատիժների կիրառումն է, այլապես այսօր մենք ունենք իրավիճակ, երբ մասսայաբար կիրառվում է ազատազրկումը»,- ասաց նա: Դանիելյանը նշեց, որ որպես մասսայական ազատազրկումների հետևանք՝ ունենում ենք ՔԿՀ-ների գերբեռնվածություն, որի հաղթահարման համար, իբրև ժամանակավոր լուծում, կիրառվում է համաներումը: Այն, սակայն, շատ կարճ ժամանակում` մի քանի ամիս անց, վերականգնվում է, հասնում նախկին վիճակին: Կոնկրետ թվային տվյալներ Դանիելյանը դժվարացավ նշել, սակայն ասաց, որ գերբեռնվածությամբ ամենից վատ վիճակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, որտեղ խցերը նախատեսված են ութ հոգի պահելու համար, մինչդեռ այնտեղ պահվում են 15-16-ից մինչև 20 մարդ:
Թե կոնկրետ այս` սպասվելիք համաներումն ինչ խնդիր կլուծի, ըստ Դանիելյանի, պարզ կդառնա նախագծի հրապարակումից հետո: Դրանից հետո միայն կերեևա, թե այն որքանով կլուծի ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը: Դանիելյանը նշեց, որ գերբեռնվածության ծայրահեղ մակարդակը կա արդեն մի քանի տարի:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացրին, որ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի մասին: Համաներման մասին որոշման հրապարակումից հետո ՄԻՊ-ը համապատասխան ուսումնասիրություններ կկատարի, որից հետո հանդես կգա իր գնահատականով:
«Հայկական ժամանակ» թերթի տվյալներով` ԱԺ կուլիսներում խոսակցություններ կան, որ ՀՀ նախագահն Անկախության 22-ամյակի առթիվ համաներում հայտարարելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով: Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ: Նման առաջարկով նախագահը վերջին անգամ հանդես է եկել 2009-ի հունիսի 16-ին: Սպասվող համաներումն, ըստ թերթի աղբյուրների, ընդգրկուն է լինելու:









































