Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «Ելք» դաշինքն ունի կայուն ընտրազանգված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններին «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը` 70 731 քվե: Գրեթե նույն քանակի ձայն էր ստացել «Ելք» դաշինքը Երևանում ԱԺ ընտրությունների ժամանակ, ինչը նշանակում է «Ելք» դաշինքն ունի կայուն ընտրազանգված: «Ելք» դաշինքը ձեռնարկեց քայլեր՝ կանխարգելու ընտրակաշառքի բաժանումը, որի վերաբերյալ ձեռք են բերվել ապացույցներ: «Ելք» դաշինքին հաջողվեց բոլոր ընտրատեղամասերում ունենալ վստահված անձ և ընտրության հաշվարկները կատարել on-line ռեժիմով: «Ելք» դաշինքը պետք է շարունակի իր աշխատանքներն արդեն ՀՀ ԱԺ, Երևանի քաղաքապետարանում և ավելացնի իր ընտրազանգվածը, ինչի հնարավորությունն այսօր առկա է», – գրել է նա:









































