Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպերին:
«Այսօր արձանագրել ենք երեք միջադեպ և անբացատրելի պատահականությամբ դրանք բոլորն էլ բացահայտել է «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը»,- նկատեց Աշոտյանը: Խոսելով լրագրողի կողմից ՀՀԿ նախընտրական շտաբում իբր ընտրակաշառքի բաժանման տեսանյութին՝ Աշոտյանն ասաց, որ դա ոչ միայն օբյեկտիվ չէ, այլ նաև կոռեկտ չէ լրագրողական ու իրավական տեսակետից: «Իրավապահ մարմինները կուսումնասիրեն տեսաերիզը և կտան իրենց եզրակացություն: Տեսանյութում երևում է գումարով մարդ, և ոչ թե քաղաքական որոշման համար գումար բաժանող անձնավորություն: Վստահ եմ, եթե գնանք «Ազատություն» ռադիոկայան՝ կգտնենք գումար և այդ հարցը չենք տա, թե ինչ են անում այդ գումարով»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Միաժամանակ, Աշոտյանը նշեց, որ ցավում են «Ազատության» լրագրողին հարվածելու միջադեպի կապակցությամբ և հավելեց, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ներողություն են խնդրել լրագրողից: «Եթե իրավապահ մարմինները կգտնեն, որ բարոյական այս քայլը բավարար չէ և կան իրավական հետևանքներ, ապա վստահ եմ՝ օրենքի շրջանակում այդ միջադեպը կքննվի»,- ընդգծեց նա:
Խոսելով Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀԿ շտաբ մուտք գործելուն՝ Աշոտյանն ասաց, որ թեպետ ՀՀԿ-ն հյուրընկալ է, բայց այդ հյուրընկալությունը չի կարող չարաշահվել. «Մուտք գործել ՀՀԿ շտաբեր՝ առանց բարոյական և իրավական իրավունքի, քաղաքացիական չէ: Եթե տիկին Զարուհին ուներ ահազանգեր, ինչպես մատուցում էր խնդիրը, ապա իրավական պետության ներսում պետք է անհապաղ զանգեր ոստիկանություն, հրավիրեր համապատասխան խումբ, որպեսզի գան այդ ահազանգի հետքերով՝ ուսումնասիրեն իրավիճակը շտաբում: Բռի կերպով մուտք գործել կուսակցության ենթաշտաբ՝ չի կարելի, որովհետև դա հա նրային տարածք չէ, կուսակցության կողմից իրավական հիմքերով վարձակալությամբ վերցված տարածք է, որտեղ նման տեսակի ներխուժումները մենք դիտում ենք որպես միջամտություն, խոչընդոտ ՀՀԿ գործունեությանը»:
ՀՀԿ նախագահի տեղակալի խոսքով, ոչ ոք չի արգելում ունենալ ընտրողների ցուցակներ, ՀՀ օրենսդրության պարագայում ընտրողների ցուցակները բաց են, հրապարակված են և կարող են տպվել ցանկացած քաղաքական ուժի կողմից: «Երկրորդ, յուրաքանչյուր քաղաքական ուժ, եթե լրջորեն է մոտենում ընտրություններին, ապա պետք է նախնական կատարի ընտրողների հաշվառում, մոբիլիզացիա, թիրախավորի պոտենցիալ էլեկտորատը, որպեսզի կարողանա աշխատել նրանց հետ ընտրության օրը: Դա նորմալ ընդունված, օրենքով չարգելված ընտրական տեխնոլոգիա է»,- նկատեց նա:
Արմեն Աշոտյանը ցավ հայտնեց նաև Զարուհի Փոստանջյանի դստեր առողջության հետ կապված խնդիրների առնչությամբ և նրան մաղթեց շուտափույթ ապաքինում: «Երեխաներին, անկախ իրենց տարիքից, ներգրավել քաղաքական գործունեության մեջ, հատկապես նման կերպով, ողջունելի չէ: Տիկին Զարուհին հրահրել է միջադեպ, ինչից տուժել է իր դուստրը»,- ասաց Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































