Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ով այսօր հյուրընկալված էր Երևանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքի վերջին իրադարձություններին, քաղբանտարկյալների ազատ արձակմանը և միջազգային կառույցների կողմից ողջույնի հայտարարություններին, նշեց.
«Կարելի է միայն ուրախանալ լիցքաթափման ցանկացած գործընթացի առիթով, որը տեղի է ունենում Ֆրանսիայի բարեկամ` Հայաստանում, այնպիսի մի երկրում, որը ԵՄ-ի գործընկեր երկիր է, որն այսօր ԵՄ հետ ասոցացված անդամակցության պայմանագրի բանակցային գործընթացի մեջ է: ԵՄ-ն իր քաջալերանքն է արտահայտել և նշել իր բավարարվածությունը Հայաստանի կողմից որդեգրված այդ քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ: Եթե ես չեմ սխալվում, ԵԱՀԿ մշտական հանձնաժողովում այդ մասին հստակ ԵՄ-ն արտահայտվել է, և ես իսկապես շատ եմ ցանկանում, որ վերջերս տեղի ունեցած բոլոր զարգացումները կարողանան գործուն մասնակցություն և ցայտուն դրսևորումներ գտնել Հայաստանի բոլոր ոլորտներում»: