Կոպենհագենում վստահ են, որ արևմտյան երկրները ստիպված կլինեն հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային, եթե երկիրը քիմիական զենքը չհանձնի միջազգային վերահսկողությանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Դանիայի արտգործնախարար Վիլի Սեունդալը:
«Մենք պետք է ազատվենք քիմիական զենքից: Կա երկու տարբերակ: Առաջինը բանակցային կարգավորումն է, որը ծավալվում է ներկայում: Եթե դա հաջողություն չունենա, ապա՝ ռազմական գործողություն»,- ասել է նա:
Դանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ պետք է հասկանալ առանցքային պահը. եթե չլիներ Սիրիայի վրա ռազմական ճնշումը, իրենք երբեք չէին հասնի այն իրավիճակին, երբ Ռուսաստանը ճնշում է Ալ-Ասադին, և վերջինս համաձայնվում է քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողությանը:
Սիրիայի նախագահը հաղորդել է, որ քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը կհանձնի 30 օրվա ընթացքում, սակայն Սեունդալը կարծում է, որ դա անհրաժեշտ է անել ավելի արագ:









































