Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Ռուսաստանը կարող է փորձել ազդել Միացյալ թագավորությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Ընտրությունները տեղի կունենա հունիսի 8-ին։ Այս մասին նա հայտարարել է The Telegraph-ի հետ հարցազրույցում։
«Կարծում եմ՝ նման վտանգը միանգամայն իրական է»,-ասել է նախարարը՝ պատասխանելով ռուսական կողմի հնարավոր միջամտության վերաբերյալ հարցին։
«Մենք վստահ ենք, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) դա արել է Ամերիկայում, միանգամայն ակնհայտ է, որ նա դա արել է Ֆրանսիայում։ Արևմտյան Բալկաններում եղել են կեղտոտ միջամտության փորձեր, մենք պետք է զգոն լինենք»,-հայտարարել է Ջոնսոնը։
Արտգործնախարարին նաև հարցրել են՝ Մոսկվան կարո՞ղ է Լոնդոնի հետ հարաբերությունների բարելավում ակնկալել, եթե լեյբորիստները՝ Ջերեմի Կորբինի գլխավորությամբ իշխանության գան։ Ջոնսոնի կարծիքով՝ ռուսական կողմը կուրախանա, եթե նրանք վերահսկողություն ստանան վարչապետի նստավայրի նկատմամբ։









































