ԱՄՆ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների պաշտոնատար անձինք անմիջապես արձագանքել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ The New York Times-ում տպագրված հոդվածին՝ հայտնում է ABC News-ը:
Առաջինն արձագանքել է Սենատում արտասահմանյան հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը: Նա խոստովանել է, որ «ինքը հազիվ է զսպել սրտխառնոցը», ինչպես նաև նշել է, որ իրեն «անհանգստացնում է այն, որ ինչ-որ մեկը, ով կարիերա է արել ՊԱԿ-ում, մեզ ասում է, թե որոնք են մեր ազգային հետաքրքրությունները և որոնք՝ ոչ: Դա լրջորեն կասկածի տակ է դնում հարցը, թե որքանով է լուրջ Ռուսաստանի առաջարկը»:
Սենատոր Ջոն Մաքքեյնը Twittter-ում նշել է, որ NYT-ում տպագրված իր հոդվածով Պուտինը ցույց է տվել, որ ամերիկացիներին հիմարի տեղ է դնում:
Իսկ Ջոն Քորնին, որը դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը, Սենատի ամբիոնից կոչ է արել զգուշորեն մոտենալ այն «փրկարար օղակին, որը Վլադիմիր Պուտինը նետել է վարչակազմին»:
«Մենք քիչ պատճառներ ունենք՝ կարծելու, որ Մոսկվան հուսալի դիվանագիտական գործընկեր է: Այն Սիրիայում խնդիրների մի մասն է, ոչ թե դրա լուծումը»,- հեռուստաալիքը մեջբերում է ամերիկյան օրենսդրի խոսքերը:









































