ՌԴ Պետդումայում Kommersant-ի զրուցակիցները «քաղաքականապես մոտիվացված» են անվանել երեկ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ռուսաստանին «Արևելյան գործընկերության» երկրների վրա ճնշում գործադրելու համար: Եվրապատգամավորների կարծիքով՝ Մոսկվան խախտում է հարևանների «ինքնուրույն քաղաքական ընտրության» ինքնիշխան իրավունքը` անտեսելով նրանց կարծիքն ու շահերը: Պետդումայում նախազգուշացնում են, որ նման գրոհներն առանց պատասխանի չեն մնա:
Ռուսաստանին ուղղված բանաձևի նախագծերը նախապատրաստել էին Եվրախորհրդարանի 7 խմբերից 6-ը: Երեքշաբթի նրանք մշակել էին միասնական տեքստ: Ինչպես պարբերականին հայտնել է լիբերալ-դեմոկրատների խմբակցության պատգամավոր Քրիստիյնա Օյուլանդը (Էստոնիա), խորհրդարանականների միջև լուրջ տարաձայնություններ չեն եղել. քննարկել են միայն այն, թե որքան կոշտ արձագանքեն «Արևելյան գործընկերության» երկրներին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա) իր ազդեցության գոտում պահելու Ռուսաստանի փորձերին:
«Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունը Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին կոչ է արել միջոցառումներ ընդունել՝ ՌԴ-ի ճնշման ներքո հայտնված երկրների տնտեսությունները կայունացնելու համար: «Եվրոպացի պահպանողականներն ու ռեֆորմիստները» նախազգուշացրել են՝ ռուսական քաղաքականության հաջողությունը «Արևելյան գործընկերության» երկրներից մեկում կառաջացնի դոմինոյի էֆեկտ: Առավել կոշտ դիրքորոշում են հայտնել լիբերալ-դեմոկրատները. նրանք կոչ են արել բոյկոտել Սոչիում անցկացվելիք Օլիմպիադան:
Վերջին առաջարկը, որի համահեղինակն էր 50 մարդ, ամփոփիչ տեքստում չի ընդգրկվել: Սակայն առանց այդ էլ բանաձևը կոշտ է ստացվել. Ռուսաստանին մեղադրել են հարևան երկրների ինքնուրույն քաղաքական ընտրության ինքնիշխան իրավունքը խախտելու մեջ:
«Բանաձևը ցույց է տալիս, որ «Արևելյան գործընկերության» անդամների վրա Մոսկվայի կողմից աճող ճնշումը մեզ համար անընդունելի է: Ռուսաստանում մինչ օրս չեն հասկացել, որ այդ երկրներն անկախ են և կարող են ինքնուրույն ընտրել իրենց քաղաքական պատկանելությունը»,- հայտնել է «Կանաչների» պատգամավոր Վերներ Շուլցը (Գերմանիա): Շուլցի խոսքով՝ «Արևելյան գործընկերությունը» խաղ չէ զրոյական արդյունքի հետ, և Ռուսաստանը կշահի հարևան երկրների բարգավաճումից ու հանգստությունից:
«Միավորված ձախերը» ԵՄ արտաքին կապերի ծառայությանը քննադատել են այն բանի համար, որ այն ձախողել է ՌԴ-ի և «Արևելյան գործընկերության» երկրների հետ համատեղ գոյակցության, ԵՄ-ի և Մաքսային միության տնտեսական տարածքների փոխադարձ հարստացման ուղիներ և մեթոդներ գտնելու փորձերը: Բացի այդ, ձախերը ոչ միայն Ռուսաստանին, այլև ԵՄ-ին կոչ են արել հարգել երրորդ երկրների ինքնիշխանությունը: Արդյունքում բանաձևի տեքստում հայտնվել է կետ այն մասին, որ «ԵՄ-ի հետ գործընկեր երկրների առաջադիմական ինտեգրացիան համատեղելի է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման նրանց ձգտումներին»:
Քրիստիյնա Օյուլանդը Kommersant-ի հետ զրույցում պարզաբանել է. «Այժմ Երևանը լավագույն դեպքում կարող է ակնկալել ԵՄ-ի հետ համագործակցության ու բարեկամության որոշ բազային համաձայնագիր՝ ոչ ավելին»:









































