Երևանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում այսօր հյուրընկալված Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, անդրադառնալով օրերս Դովիլում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ ընդունված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ հայտարարությանը, հիշեցրեց, որ ինքը պետք է հնարավորինս զուսպ լինի այս գործընթացի շուրջ խոսելիս, քանի որ իր երկիրը ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող պետություն է և ունի համանախագահ:
Ապա դեսպանը նկատեց. «Այդ հայտարարությունը բավականին հստակ, բավականին ուժեղ, առանց երկիմաստությունների հայտարարություն է, որտեղ հստակ նշվում է, որ ժամանակն է աշխատել` գտնելու եզրեր համաձայնագրի մշակման ուղղությամբ, որում զգուշացվում է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և հորդոր է հնչում հակամարտող կողմերին հնարավորինս արագ համաձայնության եզրեր գտնել: Ես համոզված եմ, որ երկու կողմերն էլ հստակ հասկացել են այդ ուղերձի կարևորությունը և այդ ընկալման դրսևորումը կցուցաբերեն Կազանում կայանալիք վեհաժողովի ժամանակ»:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ է ակնկալում դեսպանը Դովիլի հայտարարությունից` Անրի Ռենոն պատասխանեց. «Ես ակնկալում եմ, որպեսզի կողմերը հարգեն Դովիլի հայտարարության հորդորը, որով հնարավորություն կընձեռվի կայունության հաստատման համար թե՛ Հարավային Կովկաս-Եվրոպա հարաբերություններում, թե՛ ողջ տարածաշրջանում: Ես ակնկալում եմ կարգավորմանն ուղղված համաձայնագրի ընդունմանը բավական արագ, սպասում եմ, որպեսզի հնարավորինս արագ ներգրավված լինեն բանակցային գործընթացին, որը պիտի հանգեցնի համաձայնագրի ընդունմանը, ակնկալում եմ, որ այդ համաձայնությունը հնարավորինս արագ կենսագործվի, ակնկալում եմ, որպեսզի սահմաններում լարվածությունը թուլանա, ակնկալում եմ, որպեսզի անվստահությունը տեղը զիջի վստահությանը, և որ համագործակցությունը փոխարինի թշնամանքին, որպեսզի վերջիվերջո այս տարծաշրջանը կարողանա իր առաջնահերթ կոչումը հետ բերել`խաչմերուկի դերակատարությունը կենսագործել տարբեր երկրների երկխոսության համար»:









































