«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, նորից է դիմել հանրությանը՝ օգնել իրեն հողին հանձնել որդուն։ «Թամար Հովհաննիսյանը և Ալեք Ենիգոմշյանը հայտարարում են, որ բետոնապատ դամբարանը ամբողջությամբ համապատասխանում է հանգուցյալի հուղարկավորության պահանջին՝ մեջբերելով, որ այդպես են թաղել թագավորներին և ազնվականներին, և համարում են, որ բացարձակ խնդիր չկա: Ինձ համար խնդիր կա, ես ցանկանում եմ, որ իմ տղային հանձնեն հողին և դա համարում եմ իմ իրավունքը: Թարխանյան Անահիտի՝ դամբարանի նախագծի հետ կապված ես ոչ մի գանգատ չունեմ, բայց այս դամբարանը ժամանակավոր բնույթ պետք է կրեր»,- իր հայտարարության մեջ նշել է տիկին Դոնարան:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հանձնաժողովի անդամ, երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանի հետ: Նա նշեց, որ հանձնաժողովի առաքելությունը եղել է հավուր պատշաճի հուղարկավորությունը կազմակերպելը։
«Հանձնաժողովի նիստում միաձայն որոշվել է, որ Արթուր Սարգսյանը պետք է հուղարկավորվի դամբարանում՝ հետագայում Եռաբլուր տեղափոխելու նպատակով։ Հանձնաժողովի անդամ էր նաև Արսենը՝ Արթուր Սարգսյանի ավագ եղբայրը, և մենք գործել ենք փոխհամաձայնեցված՝ փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և փոխօգնության մթնոլորտում։ Բոլորն էլ սրտացավ, ես էլ նրանց թվում, կամավորական սկզբունքով այդ գերլարված պայմաններում և չեղած հնարավորություններով փորձել ենք ձեռքից եկածն անել։ Կարծում եմ՝ տակից կարողացանք մարդավայել դուրս գալ»,- ասաց նա:
Եղիշե Պետրոսյանն անդրադարձավ նաև հանձնաժողովի հասցեին հնչող մեղադրանքներին. «Ինչ վերաբերում է շարունակվող խոսակցություններին, նաև մեղադրանքներին, ապա դա ինձ շատ մեծ ցավ է պատճառում։ Արթուրի նման լուսավոր մարդու շուրջ նման ինտրիգները անձամբ ինձ խիստ վշտացնում են»։ Եղիշե Պետրոսյանը նշեց, որ պարզ երևում է՝ այս ամենը հրահրվում է. «Նպատակը՝ ոչ մի լուսավոր արարք, արժանապատիվ մարդ չպետք է մնա չվարկաբեկված»։
Ինչ վերաբերում է ընտանիքի անդամների կողմից վերահուղարկավորելու պահանջին, Եղիշե Պետրոսյանի խոսքերով՝ դա իրենց բացառիկ իրավունքն է։




































