Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ պետք է դասեր քաղել պատմությունից: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, նա նման տեսակետ է հայտնել Հաղթանակի օրվա կապակցությամբ տոնակատարությունների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը:
«Մենք վատ աշակերտներ չենք, հիշում ենք ՝ ինչ է տեղի ունեցել մեր երկրում: Մենք սովորել ենք այդ դասերը և հասկանում ենք, որ վառոդը պետք է չոր պահել»,-ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ բելառուսցիներն ունեն ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն իրենց տարածքը, որտեղ ապրում են: Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ հանրապետությունում երկրորդ տասնամյակում արդեն երրորդ անգամ բանակ է ձևավորվում: «Եզրահանգումներ ենք անում և դասեր ենք քաղում նրանից, թե ինչ է տեղի ունենում աշխարհում»,-ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ Բելառուսի համար ծայրահեղ կարևոր է էկոնոմիկան: «Եթե երկիրը նորմալ զարգանա, մենք կապահովենք խաղաղություն, անվտանգություն և ներքին կայունություն»,-հավելել է Լուկաշենկոն:









































