Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Թադևոսյանի և Արտաշես Գասպարյանի գործի դատավարությունը:
29-ամյա Գրիգորը ու 23-ամյա Արտաշեսը մեղավոր են ճանաչվել աղջիկ առևանգելու համար:
Ըստ դատական ակտի՝ Գրիգոր Թադևոսյանը հաճախ շփվել է իր հոր հորեղբոր որդու հետ: Վերջինիս ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ՝ 2012 թվականի օգոստոսի վերջին, Գրիգորը նկատել, հավանել ու համակրել է այդ բարեկամի խորթ դստերը:
Դեկտեմբերին Գրիգորը բարեկամի հետ այցելել է նրա տուն, ծանոթացել նրա ընտանիքի անդամների, մասնավորապես՝ խորթ դստեր հետ: Նրան, որպես բարեկամի, հյուրընկալել են, հյուրասիրել, ճանապարհել: Գրիգորը մի քանի անգամ ևս այցելել է այդ բարեկամի տուն, հանդիպել հավանած աղջկան:
2013 թվականի հունվարի 22-ին Գրիգորն իմացել է, որ բարեկամն իր խորթ որդու հետ անձնական գործերով մեկնել է Վրաստան:
Այդ երեկո Գրիգորը զանգահարել է հավանած աղջկան, խոսել է իր զգացմունքների մասին: Աղջիկը, սակայն, խնդրել է, որ Գրիգորն իրեն այլևս չանհանգստացնի, որովհետև ինքը չի կիսում նրա զգացմունքները: Գրիգորի խոստովանության մասին աղջիկը պատմել է մորը:
Հաջորդ օրը Գրիգորը նորից զանգել է աղջկան, վերջինս չի պատասխանել:
Երեկոյան Գրիգորն ընկերոջ՝ Արտաշեսի հետ գնացել է աղջկա տուն: Աղջկա մայրը նրանց տուն է հրավիրել, խնդրել, որ Գրիգորն իր դստերն այլևս չանհանգստացնի: Աղջիկն էլ ասել է, թե չի սիրում Գրիգորին, չի ուզում, որ նա շփվի իր հետ: Ապա մայր ու աղջիկ ճանապարհել են երիտասարդներին:
Հաջորդ օրը Գրիգորը նորից զանգահարել է, նորից մերժում ստացել աղջկանից, լսել նրա մայրիկի հանդիմանական խոսքերը:
Ըստ գործի նյութերի՝ Գրիգորը, իրենց ավտոտնակում կանգնեցված մեքենայից ժամանակին վերցրել էր բարեկամի բնակարանի դռան բանալին, կրկնօրինակը պատրաստել էր տվել ու պահել իր մոտ:
Հունվարի 25-ին Գրիգորն ընկերոջ հետ մեքենայով գնացել է աղջկա շենքի մոտ:
Աղջկա մայրը մեկնել էր Երևան՝ գնումներ կատարելու: Աղջիկը մորաքրոջ դստեր հետ տանը մենակ էր: Գրիգորը ընկերոջը թողել է մեքենայի մեջ, ինքը բարձրացել բնակարան, հնչեցրել դռան զանգը:
Աղջիկը դուռը չի բացել՝ հասկանալով, որ Գրիգորը կլինի: Մտածել է՝ թող կարծի, թե իրենք տանը չեն ու հեռանա:
Նա մորաքրոջ աղջկա հետ միջանցքում կանգնած՝ ականջ է դրել դրսի ձայներին, բայց այդ պահին Գրիգորն իր մոտ եղած բանալիով բացել է նրանց տան դուռը, ներս մտել ու ասել, թե իրենք պիտի խոսեն:
Աղջիկը պահանջել է, որ նա հեռանա: Գրիգորն ասել է՝ նվեր եմ բերել, ինձ հետ ներքև իջիր, նվերդ տամ: Աղջիկը փորձել է նրան ճանապարհել, բայց Գրիգորը անակնկալ կերպով գրկել է աղջկա որովայնի հատվածից, բացահայտ առևանգել նրան ու վազելով երկրորդ հարկի աստիճաններով իջեցրել ներքև:
Մեքենայում սպասող Արտաշեսը, տեսնելով, որ աղջիկը դիմադրում է, ուզում է ազատվել Գրիգորի ձեռքերից, արագ բացել է մեքենայի հետևի դուռը, ըստ մեղադրանքի՝ վերացրել է խոչընդոտները, դրանով օժանդակել Գրիգորի կողմից աղջկան առևանգելուն:
Հենց որ Գրիգորն աղջկան մեքենա է նստեցրել, Արտաշեսը մեքենան վարել է դեպի Ծովագյուղ՝ Գրիգորի ծանոթ տարեց կնոջ տուն:
Ճանապարհին նա տեղեկացել է, որ ոստիկաններն իրեն են փնտրում: Երիտասարդներն աղջկանից պահանջել են, որ երկտող գրի, թե իր կամքով է գնացել նրանց հետ:
Աղջիկը գրել է: Նրանք գիշերել են ծանոթի տանը:
Հաջորդ օրը Գրիգորի մայրն ու աղջկա անչափահաս եղբայրը գնացել են Ծովագյուղ, որ նրանց տուն տանեն: Վերադարձի ճանապարհին Գրիգորը, ըստ մեղադրանքի՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով, առաջարկել է, որ մտնեն Սևանի եկեղեցի, պսակադրվեն ու ստանան քահանայի օրհնությունը:
Աղջիկը, իր ասելով՝ խղճալով երիտասարդին ու իր ծնողների մոտ շուտ վերադառնալու թաքուն մտքով համաձայնել է Գրիգորի առաջարկին:
Եկեղեցում, ստանալով քահանայի օրհնությունը, Գրիգորը ոսկե մատանի է դրել աղջկա մատը:
Գնացել են Գրիգորի տուն, այնտեղից՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Առաջադրված մեղադրանքում Գրիգոր Թադևոսյանն ու Արտաշես Գասպարյանն իրենց մեղավոր չեն ճանաչել: Գրիգորն ասել է, թե ինքն ու աղջիկը փոխադարձաբար սիրել են միմյանց, աղջկա մայրն է դեմ եղել: Աղջիկն իր կամքով է իջել տնից, նստել մեքենա ու գնացել նրա հետ, իսկ ընկերը իրենց է միացել ճանապարհին, ինքն է նրան կանչել, որովհետև ինքը վարորդական իրավունքի վկայական չուներ:
Գրիգորը պնդել է, թե աղջկան չի առևանգել: Ոստիկանությունում ինքն ու աղջիկն ասել են, թե իրենց «փախչելը երկկողմանի է եղել»: Բայց երեք օր անց աղջիկը ցուցմունքը փոխել է:
Ըստ Գրիգորի՝ աղջկան առևանգելու ցանկություն ինքը չի ունեցել, պարզապես հարցի լուծումն այդպես է պատկերացրել: Աղջկա շենքի մոտ գնացել է կարմիր 06-ով ու մենակ: Ինքը չի բարձրացել, աղջկա տան դուռն իր բանալիով չի բացել, այլ աղջիկն իր կամքով իջել է, հանգիստ նստել մեքենա: Ընկերոջն ինքը կանչել է, ու նա չի իմացել, որ իրենք փախչում են:
Գրիգորը դատարանում ասել է, թե ակնկալում է ծնողների, հոգևորականի և… դատարանի օրհնությունը:
Հոգևորականն արդեն օրհնել էր Սևանի եկեղեցում, իսկ դատարանն էլ նրան «օրհնել է» մեղադրական դատավճռով ու ազատազրկման ձևով պատիժ նշանակելով:
Արտաշես Գասպարյանը դատարանում ասել է, թե ինքը առևանգման չի մասնակցել, չի օժանդակել: Դեպքից հետո մեկնել է Ռուսաստան, իրեն հետ են կանչել: Երկու անգամ գնացել է աղջկա տուն, որ պարզի, թե ինչո՞ւ այդպես ստացվեց:
Ըստ Արտաշեսի՝ աղջիկը լավ գիտի, որ ինքն ու Գոքորն անմեղ են: Ինքն ակնկալում է արդարություն և՝ որ Գրիգորն ազատ արձակվի: Արտաշեսը չի պատկերացրել, որ դատարանը ոչ միայն Գրիգորին, իրեն ևս ազատազրկման է դատապարտելու:
Տուժող աղջիկը պնդել է, թե Գրիգորն իր բանալիով բացել է իրենց բնակարանի դուռը, իր կամքին հակառակ ներս է մտել, հետո էլ գրկել իրեն, ստիպողաբար իջեցրել է ներքև, նստեցրել մեքենա ու տարել Ծովագյուղ:
Նույնը պնդել է նաև առևանգման պահին աղջկա հետ բնակարանում գտնված մորաքրոջ աղջիկը, ով վազել է մեքենայի հետևից, խնդրել, որ Գրիգորն աղջկան բաց թողնի, չտանի: Այս բարեկամուհին էլ, ըստ երևույթին, ահազանգել էր առևանգման մասին:
Դատարանում տուժող աղջիկն ասել է, թե Գրիգորը Ծովագյուղում իրեն չի նեղացրել: Բայց, միևնույն ժամանակ, նա պնդել է, որ Գրիգորը բանալիով դրսից բացել է իրենց դուռը, ներս խուժել, իրեն առևանգել իր կամքին հակառակ, ու Արտաշեսն էլ բացել է մեքենայի դուռը, Գրիգորին օժանդակել առևանգման հարցում, ապա մեքենան վարել է Ծովագյուղ:
Ընդհանուր իրավասության դատարանը երիտասարդ ամբաստանյալների մեղքը հաստատված է գնահատել: Գրիգոր Թադևոսյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:
Արտաշես Գասպարյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման:







































