Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում պաշտոնատար անձանցից որևէ մեկը հայտարարեր, թե՝ այո՛, մենք Մաքսային միությանն անդամակցելու որոշում ենք կայացրել Ռուսաստանի անասելի ճնշումների ներքո: Այնպես որ՝ լիովին բնական է, որ Հայաստանի մեծ ու փոքր պաշտոնյաները, իրար հերթ չտալով, հայտարարում են, որ ոչ մի ճնշում էլ չի եղել:
Կարգին ճնշումը հենց այդպիսին է լինում՝ երբ ոչ միայն ստիպում ես կատարել այն, ինչ ուզում ես, այլ նաև ստիպում ես լռել կատարվածի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունների խոստովանության կարիքը չկա էլ, ինչպես հայտնի խորհրդային անեկդոտում՝ երբ դատարկ թռուցիկ են բաժանում և, ի պատասխան դատարկության մասին զարմացած հարցի, ասում են՝ դե, առանց գրելու էլ ամեն ինչ պարզ է: Առանց խոստովանելու էլ ամեն ինչ պարզ է, և Հայաստանի իշխանություններն ավելորդ խոստովանություններ չեն անում:
Այնուհանդերձ, մի հետաքրքիր հարց է ծագում՝ եթե իշխանությունները հայտարարում են, որ ճնշումներ չեն եղել, ընդ որում՝ հայտարարում են արտգործնախարարի, ԱԺ նախագահի մակարդակով, վաղը հաստատ Սերժ Սարգսյանն էլ նման մի բան կասի, ապա ինչո՞ւ Հայաստանի որևէ պաշտոնյա որևէ կերպ պաշտոնապես չի արձագանքել Եվրամիության դիվանագետներից շատերի այն հայտարարություններին, որ Ռուսաստանի ճնշման արդյունքում է Հայաստանը կայացրել Մաքսային միությանն անդամակցելու որոշում: Ինչո՞ւ, օրինակ, Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես չի պատասխանում այդ հայտարարություններին, որ հնչում են եվրոպական ամենաբարձր մակարդակներով: Ինչո՞ւ Եվրամիությունում Հայաստանի պատվիրակությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածում առ այն, որ Հայաստանն իր որոշումները կայացրել է առանց ռուսական ճնշումների: Չէ՞ որ երբ ճնշումների մասին հայտարարվում է նման բարձր մակարդակով, և եթե դա չի համապատասխանում իրականությանը, ապա գործ ունենք երկրի հեղինակությանն ու վարկին հասցված հարվածի հետ: Ուրեմն ինչո՞ւ պաշտոնական Երևանը չի շտապում պաշտոնապես հերքել Եվրոպայի պաշտոնյաների հայտարարությունները: Դժվար է ասել:
Սեպտեմբերի 3-ի պայմաններում իսկապես դժվար է նույնիսկ ենթադրել Հայաստանի իշխանությունների մտադրությունների մասին: Սակայն մի բան երևի թե հաստատ է. նույնիսկ եթե Ռուսաստանն իսկապես որևէ ճնշում չի գործադրել Հայաստանի վրա (իհարկե, սա շատերի ծիծաղը կհարուցի), միևնույն է՝ Հայաստանի իշխանությունները չեն կարող այդ մասին պաշտոնապես ասել Եվրոպային, որովհետև կստացվի, որ Երևանը Եվրոպային մեղադրում է մտացածին հայտարարությունների մեջ: Իսկ Երևանը Եվրոպային կարող է «գցել», սակայն մեղադրել չի կարող: Հակառակը՝ Երևանը հիմա զբաղված է Եվրոպայի առաջ մեղա գալով:
Այս ամենից զատ՝ ճնշումների բացակայության մասին Եվրոպայի հասցեին պաշտոնական հայտարարությունները կարող են բավական ծանր նստել: Որովհետև եթե Հայաստանի իշխանությունները համարձակվեն հայտարարել նաև այդ մասշտաբով, որ ճնշումներ չեն եղել, եվրոպացիները, բնականաբար, լռելյայն չեն ընդունի իրենց հայտարարությունների մտացածին լինելու մեղադրանքը: Եվ այդժամ մեծ է հավանականությունը, որ հրապարակում կարող են հայտնվել ճնշումների այնպիսի տվյալներ, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին Երևանի հայտարարությունն ու դրա հանրային արձագանքները Հայաստանի իշխանություններին ուղղակի անմեղ մանկական խաղեր կթվան: Այդ իսկ պատճառով էլ լրագրողների առաջ ճնշումների բացակայության մասին խրոխտ հայտարարություններով հանդես եկող Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն համարձակվում Եվրոպայի հայտարարություններին պաշտոնապես պատասխանել և ասել, որ ճնշումներ չեն եղել:









































