ԱՄՆ-ում ութ մարդ, որից չորսը բնակվել են Բըրբենքում, Գլենդելում և Մոնտրոզում, իրենց մեղավոր են ճանաչել հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման գործունեությանը ներգրավվածության, դավադրության, բանկային խարդախության և անձնական տվյալների գողության մեջ: Այս մասին հայտնում է Glendale News- Press-ը՝ հղում անելով իշխանություններին:
Նրանցից 39-ամյա Խաչատուր Առաքելյանը (Խեչո) և 32-ամյա Ադամ Դավուդյանը Գլենդելի բնակիչներ են:
Վերոնշյալ ութ անձինք եղել են այն 70 մեղադրյալների թվում, ովքեր իրավապահների ձեռքում էին հայտնվել Armenian Power հանցախմբի դեմ անցկացված զանգվածային տարածաշրջանային «ռեյդի» արդյունքում: Ութ անձանցից բացի, ևս 51 ամբաստանյալներ խոստովանել են իրենց մեղքը:
Առաքելյանը խոստովանել է, որ անձնական տվյալների գողություն է կատարել՝ Հարավային Կալիֆոռնիայի 99 Cents Only խանութներում տեղադրելով կրեդիտ-քարտեր պատճենող սարքեր: Խարդախ սխեման հարյուրավոր զոհերի գրպանին ավելի քան 2 մլն դոլար է արժեցել: Առաքելյանին 2 տարվա ազատազրկում է սպառնում:
Դավուդյանն իրեն մեղավոր է ճանաչել տարածման նպատակով մարիխուանայի պահման մեջ: Նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Մոնտրոզի 35-ամյա բնակիչ Ռեյմոնդ Թարվերդյանը, ով նույնպես նեգրավված է եղել քարտերի պատճենման գործում, իրեն մեղավոր է ճանաչել դավադրության և բանկային խարդախություններին մասնակցության մեջ: Նրան սպառնում է 50 տարվա ազատազրկում: Նույն հանցանքներում իր մեղքը խոստովանած Բըրբենքի 36-ամյա բնակիչ Արթուր Փեմբեջյանին սպառնում է 20 տարվա ազատազրկում:
Ամբաստանյալների գործը կքննվի նոյեմբերին:











































