Իրաքցի պատգամավորների պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Օսամա Ալ-Նաջեֆիի գլխավորությամբ, բանակցություններ է անցկացնում թուրքական իշխանությունների հետ սիրիական հակամարտությունում միջամտությունը դադարեցնելու և ճգնաժամի խաղաղ կարգավորման իրաքյան ծրագրին աջակցելու համար: Այս մասին հայտնել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր Հասա Ջիհադը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Իրաքի ուղերձը Թուրքիային միանգամայն հստակ է. անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայի գործերին միջամտությունը և նպաստել բանակցային ճանապարհով իրավիճակի կարգավորմանը: Իրաքը դրա համար առաջարկում է իր նախաձեռնությունը, որը հնչեցրել է երկրի վարչապետ Նուրի Ալ-Մալիկին»,- ասել է Ջիհադը:
Իրաքցի պատգամավորների պատվիրակությունն արդեն 2 օր է՝ Թուրքիայում է: Նրանք հանդիպումներ են անցկացնում թուրք քաղաքական գործիչների հետ:
Իրաքի վարչապետն առաջարկում է սիրիական հարցի կարգավորման իր ծրագիրը, համաձայն որի՝ արաբական պետության ողջ տարածքում ամբողջությամբ և անվերապահորեն պետք է դադարեցվեն կրակը, հակամարտող կողմերի ֆինանսավորումն ու զենքի մատակարարումները, երկրից հեռանան վարձկանները, ՄԱԿ-ի կոշտ վերահսկողության ներքո հակամարտող կողմերին համախմբեն խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: Նախաձեռնությունը ենթադրում է նաև քիմիական զենքի կիրառման փաստերի հետաքննության ավարտ և փախստականներին Սիրիա վերադարձնելու օգնության հատուկ հիմնադրամի ստեղծում:







































