ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքում մոմավառություն է անցկացվել՝ ընդդեմ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներխուժման: Մոմավառությանը մասնակցել է 200-ից ավելի ցուցարար՝ հայտնում է Glendale News-Press-ը:
Մոմավառությունը կազմակերպել էին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի Գլենդելի գրասենյակը, moveon.org շարժումն ու Մարթին Լյութեր Քինգի կոալիցիան: Այն Բարաք Օբամայի ջանքերի դեմ էր՝ ուղղված ռազմական արշավի համար կոնգրեսականներից աջակցություն ստանալուն:
Այս ամիս ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը նամակագրական արշավ էր սկսել՝ երկրում սփռված հայերին կոչ անելով իրենց կոնգրեսական ներկայացուցիչներին հորդորել, որպեսզի չաջակցեն ռազմական միջամտությանը: Մոմավառության ժամանակ ներկայացուցիչները iPad պլանշետներ են փոխանցել միմյանց, որպեսզի մասնակիցները կարողանան նամակներ ուղարկել օրենսդիրներին:
Հայ դատի հանձնախմբի Գլենդելի գրասենյակի նախագահ Պերճ Կարապետյանի խոսքով՝ իրենք դեմ են Սիրիայում ռազմական միջամտությանը, քանի որ դա չի փրկի անմեղ քաղաքացիների կյանքերը:
«Միջոցառման նպատակն է խթանել խաղաղությունը: Չենք կարծում, որ լարվածությունն ու ագրեսիան կօգնեն փրկել կյանքեր ու խաղաղություն կբերեն: Մենք հավատում ենք մարդասիրական օգնությանը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի Գլենդելի գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Մալաքյանը:








































