Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչի շրջանում Սոչի-Երևան միկրոավտոբուսը М29 ավտոմայրուղու վրա բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին, ինչի հետևանքով կան զոհեր ու տուժածներ: Միկրոավտոբուսում եղել է 15 մարդ: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչը:
ԱԻՆ ներկայացուցչի խոսքով՝ վթարի հանգամանքներն ու պատճառները պարզվում են:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԻՆ կայքից՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին, ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի-Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանած «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին:
Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը զոհվել են, մեկը՝ վիրավորվել, ում տեղափոխել են Գուլկեևիչի քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:










































