«Նոտարը Նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով ստորագրություն հաստատելու իրավասություն ունի, բայց պատգամավորների դեպքում, այս իրավահարաբերության մեջ գերակա է Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 4-րդ մասով, որը հստակ սահմանում է, որ պատգամավորության թեկնածուները ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար պետք է ներկայացնեն նոտարական վավերականությամբ հաստատված, որտեղ հստակ պետք է ֆիքսված լինի պատգամավորական մանդատից հրաժարվելու կամարտահայտությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների՝ ինքնաբացարկի դիմումների շուրջ առաջացած աղմուկին:
Հիշեցնենք, որ պատգամավորները երեկ հայտարարեցին, որ իրենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով որևէ դիմում չեն ներկայացրել և տեղյակ չեն, թե ով է այդ դիմումները իրենց անունից ներկայացրել: Իսկ դիմումները վավերացրած նոտար Աննա Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը վավերացրել է միայն պատգամավորների ստորագրությունը, իսկ թե դրանից հետո ինչ է գրվել այդ դիմումներում, ինքը դիմումների բովանդակության համար պատասխանատու չէ: Նոտարը մեզ հետ զրույցում հաստաել էր նաև, որ պատգամավորները ներկա են եղել իրենց ստորագրությունները վավերացնելու պահին: «Ես պնդում եմ, որ այս դեպքում նոտարը ոչ թե պետք է ստորագրություն վավերացնելու գործառույթ իրականացներ, այլ պետք է վավերացներ ԱԺ պատգամավորի՝ ԱԺ մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմումը: Այս իրավահարաբերության մեջ գերակա է ԸՕ 100-րդ հոդվածի 4-րդ կետը, ոչ թե նոտարի ստորագրության իսկությունը հաստատելու վերաբերյալ իրավունքը: Ցանկացած մարդ կարող է մտնել նոտարի գրասենյակ և ասել՝ հաստատեք իմ ստորագրութունը և նոտարն էլ պարտավոր է հաստատել ստորագրության իսկությունը, բայց տվյալ պարագայում՝ պատգամավորության թեկնածուն չպետք է գնար նոտարի մոտ և խնդրեր վավերացնել իր ստորագրությունը: Պատգամավորը նոտարին պետք է ներկայացներ ինքնաբացարկի վերաբերյալ իր դիմումը և խնդրեր վավերացնել այն»,- նկատեց Նորիկյանը՝ հավելելով, որ այս դեպքում մի բան այն չէ և անպայման պետք է իրականությունը պարզվի: Եթե պատգամավորներն են ճիշտ և իրականում իրենք դիմում չեն գրել և չեն ստորագրել դրա տակ, ապա նոտարը պետք է պատասխանատվության նեթարկվի:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով սահմանվում է. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:








































