«Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն այլևս հրատապ չէ», օրերս Twitter սոցիալական ցանցում իր գրառման մեջ նշեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը` իր սլովակ գործընկերոջ` Միրոսլավ Լայչակի հետ բանակցությունների ավարտին: «Միրոսլավ Լայչակի հետ համաձայնության եկանք, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգային խնդիրների թվում չէ:
Շարունակում ենք աշխատել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»,-գրել էր շվեդական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Aravot.am-ը Դավիթ Շահնազարյանին հարցրել է, թե որքանո՞վ էր արդարացված եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման միանշանակ դիրքորոշումը: «Եթե ԵՄ-ն, այնուամենայնիվ, որոշի Հայաստանը դուրս թողնել ԵՄ Ասոցացման ծրագրի օրակարգից, կարծում եմ, դա կլինի ոչ ճիշտ հաշվարկված, իրավիճակային և էմոցիոնալ որոշում: Բրյուսելը չպետք է փակի հնարավորությունները Հայաստանի առջև, քանի որ դա կնշանակի, որ Ռուսաստանի ճնշումները Հայաստանի նկատմամբ, ինչի արդյունքում Հայաստանը որոշեց անդամակցել Մաքսային միությանը, տարածվում են նաև Բրյուսելի վրա։ Այսինքն, կնշանակի, որ Բրյուսելը նույնպես ենթարկվել է Մոսկվայի ճնշումներին և Կրեմլի կայսերապաշտական նկրտումներին: Մաքսային միության անդամակցությունը երկար գործընթաց է, մշուշոտ ճանապարհ՝ լի անորոշություններով, և դեռևս շատ մեծ հարցական է, թե արդյո՞ք դա ընդհանրապես կյանքի կկոչվի, թե ոչ: ԵՄ-ն պետք է շարունակի համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ՝ ԵՄ Ասոցացման ծրագրի շրջանակներում»:
Մանրամասները կարող եք կարդալ aravot.am-ում








































