ՌԴ Կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունն առաջարկում է 2019 թվականից շրջանառության մեջ դնել գրին քարտի ռուսական անալոգը։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով «Թվային տնտեսություն» ծրագրի նախագիծը, որը մայիսյան տոներին ընդառաջ ուղակվել է պրոֆիլային գերատեսչություններ՝ համաձայնեցման։
Ռուսական գրին քարտը ռուսական ծագմամբ, բարձր որակավորում ունեցող օտարերկրացիներին, ովքեր տիրապետում են ռուսերենին, կտա ՌԴ մուտքի և երկրի տարածքում աշխատանքի իրավունք։
2017 թվականի սկզբին Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Սիսոևը հայտարարել էր օրինագծի մշակման մասին, որը կսահմանի «ռուսական քարտի» հասկացություն։ Դրա տերը պետք է ստանա մի շարք արտոնություններից օգտվելու իրավունք՝ աշխատանք ՌԴ-ում, անվճար ուսում, բժշկական օգնություն և այլն։ Ըստ մտահղացման՝ «ռուսական քարտ» ստանալ կարող են ԽՍՀՄ նախկին քաղաքացիները կամ նրանց հարազատները։ Սակայն օրինագիծը դեռևս Պետդումա չի ներկայացվել։









































