«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
– Աղասի, ռուս փորձագետները կարծիք են հայտնում, որ ՄՄ-ին անդամակցելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը «ռեալ պոլիտիկ» է: Ըստ էության՝ մեր հանրության մեծամասնության տրամադրվածությունը Ռուսաստանի կողմն է՝ բացառությամբ ինտելեկտուալների փոքր խմբի, որը ձգտում է Եվրոպա: Հնարավո՞ր է, որ սա գենետիկորեն արմատացած խնդիր է մեզանում:
– Իհարկե, խնդիրը գենետիկայով պայմանավորված չէ: Կան պատմական որոշ պատճառներ` կապված Հայաստանում Ռուսաստանի շուրջ 200-ամյա գաղութատիրական անցյալի հետ: Բայց հիմնականում տեղի ունեցածն իշխանության սնանկության հետևանք է: Փաստն այն է, որ անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեղան լուծել երկրի անվտանգության խնդիրը: Խոսքն ինչպես ներկա, այնպես էլ նախորդ բոլոր իշխանությունների մասին է: Հայաստանում այդպես էլ ոչ միայն չձևավորվեց, այլև նույնիսկ չնախատեսվեց զարգացման և պետականաշինության ռազմավարություն, այնպիսի ռազմավարություն, որը կներառեր նաև անվտանգության խնդիրներն ավելի բազմակողմանի և բազմազան գործիքների միջոցով լուծելու հարցը:
Մենք արդեն 20 տարի է՝ հույսներս դրել ենք բացառապես Ռուսաստանի վրա: Իսկ Ռուսաստանը շատ պարզունակ, բայց փորձված մեթոդներով է աշխատում: Այդ մեթոդը տարածաշրջանում թուրքական միավորի ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցելն է՝ ընդդեմ Հայաստանի: Մեզ առաջին հայացքից թվում է, թե Ռուսաստանը պաշտպանում է մեզ թուրքական տարրից: Բայց իրականում նա մեզ անընդհատ պահում է թուրքական վախի տակ՝ ինքն էլ հրահրելով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիաները: Վերջին դեպքը Հայաստանի ազգաբնակչության համար ծայրահեղ վտանգաբոր հատուկ զինատեսակների մեծածավալ վաճառքն էր Ադրբեջանին և Պուտինի՝ Ադրբեջան կատարած աղմկոտ այցելությունը: Դրանք, ըստ էության, Հայաստանի դեմ ուղղված պրովոկացիոն գործողություններ էին: Դրանց անմիջապես հաջորդեցին Հայաստանը Մաքսային միություն մտցնելուն ուղղված ճնշումները: Այս իրավիճակում, շատերի կարծիքով, Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան տեղի տալ, քանի որ եթե ընտրությունը անվտանգության կամ զարգացման մեջ է, ապա գերակայությունը տրվում է առաջինին:
– Ի՞նչ արեցին ԵՄ-ն, ԱՄՆ-ը այս տարիներին, որ մենք այսօր այլ իրավիճակ ունենայինք, որ Մաքսային միություն չմտնեինք: Ի վերջո՝ տարիներ շարունակ նրանք էլ հովանավորել են կեղծված ընտրությունները:
– Ամբողջ խնդիրն այն է, որ մեր փոխարեն ոչ ոք ոչինչ չպետք է աներ: Ինքներս պետք է ինչ-որ բան արած լինեինք: Եվ եթե մենք չենք փորձել դառնալ ուժեղ, մնացել ենք նույն տկարը, արդյոք ճի՞շտ է դրա համար մեղադրել Եվրոպային կամ մի ուրիշի: Խնդիրն այն է, որ այս 20 տարում մենք կարող էինք նպատակ դնել՝ կառուցելու ժողովրդավարական երկիր: Իսկ ժողովրդավարական երկրները թույլ չեն լինում: Հակառակը՝ ինտեգրված լինելով այլ ժողովրդավարական հասարակությունների՝ կարողանում են ձևավորել անվտանգության ավելի բազմազան գործիքներ: Իշխանությունները տարիներ շարունակ կասեցրել են Հայաստանի զարգացման հնարավորությունները՝ իրենց հետադեմ ու քարացած քյոխվայական մենթալիտետի պատճառով:
Անցած քսան տարում ես Հայաստանում չեմ կարող առանձնացնել այնպիսի փուլ, որը այդ քյոխվայական մտածողությունից տուժած չլինի: Այդ մտածողությունը խորացավ հատկապես Ռոբերտ Քոչարյանի շրջանում, ով էլ հետագայում փոխանցեց այդ մեթոդներն ու գործելաոճը Սերժ Սարգսյանին: Եվ այսօր տեսնում ենք, որ գնալով ավելի ենք խրվում ճգնաժամի մեջ: Արդեն թվում է՝ զարգանալու ու ինքնուրույն քայլ կատարելու որևէ հույս չկա: Սրա մեղքը բացառապես իշխանությանն է: Իհարկե, Հայաստանում եվրոպական արժեքներ կրող հատվածը քանակապես ավելի քիչ է, բայց դա չի նշանակում, որ ռուսամետությունն է ավելի ուժեղ:
Փաստն այն է, որ վերջին տարիներին Հայաստանում խորանում է Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը: Եվ հետաքրքիր է, որ Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը տարածվում է նաև նրանց մեջ, ովքեր կախված են Ռուսաստանից, այսինքն՝ գնում են այնտեղ աշխատելու և վերադառնալու: Մի շարք դեպքերում ռուսներն ակնհայտ ու ընդգծված ռասիստական, երբեմն նույնիսկ ֆաշիստական վերաբերմունք են ցուցաբերում իրենց նախկին գաղութների ժողովուրդների հանդեպ, այդ թվում նաև՝ հայերի: Եվ մտավախությունն այն է, որ այդ ռասիզմը ոչ միայն չի վերանալու, այլև առաջիկայում կարող է խորանալ:
– Ռուսական շանտաժից ո՞ր դեպքում կարող է Հայաստանը պաշտպանվել՝ որակապես այլ իշխանություն ունենալո՞ւ, և եթե դա պետք է լիներ շանտաժից դուրս գալը, արդյոք Եվրոպան ու ԱՄՆ-ը, որոնք նախապայմաններ են առաջադրում, իրենք էլ չնպաստեցի՞ն Հայաստանում առկա իշխանության վերարտադրմանը:
-Արևմուտքը տարիներ շարունակ փորձել է Հայաստանում անել ոչ միայն ֆինանսական, այլ նաև ինստիտուցիոնալ, մշակութային և արժեքային ներդրումներ: Ինչ-որ առումով դա հաջողվել է, ինչ-որ առումով՝ ոչ: Ես չեմ ուզում մեղադրել Արևմուտքին այն բանի համար, որ մեր պետական պաշտոնյաները նրանց հատկացրած բարեփոխման գումարները ծառայեցրել են «ընտանիք պահելուն» և անձամբ իրենց ընտանիքների բարգավաճմանը: Մեր պաշտոնյաների մտքի թռիչքը ընտանիքից այն կողմ չի անցնում: Բայց պետք է հստակ հասկանալ՝ եթե նույնիսկ հասարակությունն ունի թերություններ, միևնույն է՝ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Որովհետև իշխանությունը առաջին հերթին պատասխանատվություն է: Եվ հատկապես իշխող կուսակցությունները՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար:
Կարելի՞ է մեղադրել արտաքին մի ուժի, որը փորձում է օգնել քո երկրին, երբ ինքդ չես ուզում անել դա և ամեն ինչ անում ես, որ դա տեղի չունենա: Օրինակ՝ ինչ հիմքեր ունեմ ես մեղադրելու եվրոպական կառույցներին, որոնք բարեփոխման նպատակով ներդրումներ են արել մեր ոստիկանական համակարգում, բայց ոստիկանությունը շարունակում է մնալ քրեական տարրի հետ համագործակցող կառույցի մակարդակում: Ոստիկանությունը անուղղակիորեն դարձել է ահաբեկչությանը խրախուսող մի կառույց, քանի որ երբ փողոցում քրեական տարրերը ծեծում են քաղաքացիական ակտիվիստներին, ակնհայտ է, որ այդ տարրերը կամ ուղղորդվում են, կամ գոնե նրանց թույլ է տրվել դա անել: Նրանք հայտնվել են կոնկրետ հասցեներում: Հարց է ծագում՝ իսկ այդ հասցեն ո՞վ է տվել նրանց: Իսկ հասցեն տալիս է պատվիրատուն: Քնած հավին էլ պարզ է, որ կոնկրետ այդ դեպքում պատվեր կարող էին տալ իշխանության մեջ գտնվող մարդիկ: Հավանականությունը շատ քիչ է, որ որևէ այլ մեկը պատվիրեր քրեական տարրին գնալ ծեծել քաղաքացիական ակտիվիստին: Սա արդեն Երևան քաղաքում իրականացվող ահաբեկչության իններորդ դեպքն է: Մինչև Հայկակ Արշամյանի ու Սուրեն Սաղաթելյանի վրա հարձակումը, քաղաքապետարանի մոտ նստացույց իրականացնող տղաները ծեծի ենթարկվեցին, ինչը բացարձակապես անհետևանք մնաց ոստիկանության կողմից: Ավելին՝ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ խորհուրդ էին տվել ահաբեկության ենթարկված տղաներին սեփական ուժերով բռնել հանցագործներին: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի՝ Հենրիկ Նավասարդյանի տղան այնտեղ պտտվում է և ինչ-որ այլանդակություններ անում: Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ ի՞նչ կապ ունի այդ տղան ընդհանրապես իր հոր գործերի հետ: Ի՞նչ է, մենք ժառանգական սկզբունքներով կառավարվող վաղ միջնադարյան քաղաքո՞ւմ ենք ապրում: Ահաբեկչությունները իրականացվում են հենց տեսախցիկների վերահսկելի տարածքներում: Վերջին դեպքերից մեկն էլ եղել է Մաշտոցի պողոտայի բոուլինգ-կենտրոնի մոտ, երբ փորձել են ծեծել երեք տղաների, որոնցից երկուսը փախել են, մեկն է մնացել: Կրկին ոչ մի արձագանք: Եվ եթե ոստիկանությունը շահագրգռված չէ այդ ահաբեկչությունների բացահայտմամբ, ապա կարող ենք ենթադրություն անել, որ Հայաստանում ոստիկանությունը հովանավորում է ահաբեկչությունը ու այդ ահաբեկչության հովանավորության պատասխանատվությունը ընկնում է անձամբ երկրի նախագահի ու ոստիկանապետի վրա: Որովհետև անթույլատրելի է երկրի ներսում ահաբեկության մթնոլորտի ձևավորումը, և այն՝ ի հեճուկս վենդետայի գաղափարախոս դարձած ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյա Գալուստ Սահակյանի, որևէ կերպ չի կարող արդարացվել:
Իշխանության սնանկության պայմաններում հասարակությունը լիովին իրավունք ունի իր ինքնապաշտպանությունը ինքը կազմակերպելու և համապատասխան կառույցներին ստիպելու իրացնել իրենց պաշտոնական գործառույթները:
– Հնարավո՞ր է, որ ոստիկանությունը այսօր ուժ չունի դիմակայելու, որովհետև, ինչպես յուրաքանչյուր կառույց, ուղղորդվում է իշխանության կողմից:
– Ակնհայտ է, որ այսօր ոստիկանությունը ծառայում է ոչ թե հասարակությանը, այլ պետության ու հասարակության զարգացումը արգելակող մի քանի տկար օլիգարխի: Օրինակ՝ Փակ շուկայի դեպքերին հետևելով՝ կարելի է ասել, որ այդ իրավիճակում ոստիկանությունը ծառայում է անձամբ Սամվել Ալեքսանյանին, ոչ թե մեր հասարակությանը: Հայաստանում ականատես ենք լինում տարօրինակ ու տխմար իրավիճակների:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը փաստացիորեն անզոր են հուշարձանը ապականող օլիգարխի դեմ: Հուշարձանը օլիգարխը փչացնում է: Հասարակության շահագրգիռ շրջանակների ներկայացուցիչները փորձում են կանխել դա: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել նրանց, ովքեր փորձում են կանխել հուշարձանի այլանդակումը: Եվ ի՞նչ է տեղի ունենում՝ ոստիկանությունը պաշտպանում է հուշարձանը փչացնող օլիգարխին և բերման է ենթարկում այն քաղաքացիներին, ովքեր գնացել են փրկելու հուշարձանը: Դուք հասկանո՞ւմ եք, որ փաստացիորեն ոստիկանությունը իր գործողություններով նպաստում է Երևան քաղաքում առկա ճարտարապետական կարևոր հուշարձաններից մեկի կործանմանը: Այսինքն՝ մենք հայտնվել ենք շրջված հայելիների հանրապետությունում և դեռ ուզում ենք նորմալ արտաքին քաղաքականություն ունենա՞լ: Արտաքին քաղաքականության հաջողությունը երկրի մեջ տիրող իրավիճակն է բնորոշում:
Ստեղծված ծայրահեղ իրավիճակը տկարամտության հետևանք է: Հասկանո՞ւմ եք: Միայն տկարամիտները կարող են իրենց ձեռքով կործանել իրենց հուշարձանները, փչացնել էկոլոգիան, երկրի ազգաբնակչությանը մղել արտագաղթի և վերջին հաշվով՝ կործանման տանել երկիրը: Նման աբսուրդների մեջ է մեր երկիրը, և դրանք իրոք տկարամտությունից ծնվող աբսուրդներ են: Երևակայությունից դուրս բան է՝ մայրաքաղաք Երևանի հուշարձանների ցանկում գրանցված հուշարձանն ինչ-որ մի հարուստ ապականում ու փչացնում է, ու մի ողջ պետություն չի կարողանում կանգնեցնել նրան:
– Ի՞նչ տեղի կունենան այն նվաճումների հետ, որ քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները ունեցան վերջին տարիներին: Հնարավո՞ր է՝ քաղաքացիական հասարակությանը լռեցնելու Ղազախստանի, Բելառուսի օրինակը կրկնվի Հայաստանում:
–Եթե իշխանության այլասերումը շարունակվի այս տեմպերով ու որակներով, ապա իրավիճակը կարգավորելու մի ելք կմնա՝ ընդդեմ օլիգարխիկ համակարգի համաժողովրդական դիմադրության ձևավորումը: Երկիրն օր օրի խրվում է ճգնաժամի մեջ: Հասարակության ավելի ու ավելի լայն շրջանակների համար կյանքը դառնում է ավելի ու ավելի ծանր: Օլիգարխիան պետական իշխանության «բարձր հովանու» ներքո պարզապես զբաղված է հասարակության ու պետության հարստահարմամբ: Նման իրավիճակում հասարակությունը կարող է իր ձեռքը վերցնել անընդունակ ուժերից պետական իշխանությունը ազատելու գործը: Այսինքն՝ եթե իշխանության ղեկին գտնվող ուժերը ընդունակ չեն իրականացնելու, պահպանելու մեր երկրի ինքնիշխանությունը և իրացնելու զարգացման քաղաքականություն, ապա քաղաքացիական հասարակությունը իրավունք ունի ձեռնարկելու նրան անվստահություն հայտնելու և իշխանությունից զրկելու գործընթաց:
Պատմության ընթացքում տարբեր ժողովուրդների կյանքում նման իրավիճակներ միշտ էլ եղել են: Հայաստանում հասարակությունն այսօր այն չէ, ինչ 2008թ.-ին՝ շատ ավելի հասուն է, ոգին էլ՝ բարձր: Փողոցային լակոտ-լուկուտները, որոնք խրախուսվում են պետությունն իրենց ծառայեցնող 40-50 օլիգարխիկ ընտանիքների և դրանց ծառայող պետական կառույցների կողմից, հասարակական ցասման դեմ ոչինչ են: Չի կարելի թույլ տալ, որ երկիրը հարստահարվի՝ 50 ընտանիքին ցոփ ու շվայտ կյանք ապահովելու համար: Եվ պետք է բոլորը հստակ հասկանան, որ մեր պետությունը ու ռեսուրսները պատկանում են ոչ թե այդ ընտանիքներին, այլ ողջ հասարակությանը: Մեր պետությունը շատ արագ կհզորանա, եթե պետական կառույցներն իրենց գործունեությունը ուղղորդեն այն բանին, որ իրեն պետության տեր զգա ողջ հասարակությունը, ոչ թե մի քանի օլիգարխ:
Երբ մենք 1988-ին սկսեցինք պայքարը ԽՍՀՄ-ից մեր անկախության համար, մեր երազած երկիրը սա չէր: Այսօրվա երիտասարդության երազած երկիրն էլ սա չէ: Իսկ ապագան հենց այսօրվա պայծառ երիտասարդությանն է, որքան էլ դա անհավանական թվա պետությունը որպես սեփական բիզնեսի մաս ընկալող օլիգարխիկ վերնախավին: Իրենց փրկությունը հենց դրա իրականությունը գիտակցելն է, հակառակ դեպքում շատ ավելի ծանր վիճակում նրանք կհայտնվեն, քան կարող են պատկերացնել: Օլիգարխիկ համակարգը ստիպված է զիջել իշխանությունը հասարակությանը՝ եթե ոչ հենց այսօր, ապա առաջիկա տարիներին: Նա այլ ելք չի ունենալու, քանի որ առճակատվելու է պետականաշեն մտածողության ռուբիկոնն անցած սերնդի հետ:
– Մաքսային միության հաջորդ քայլը կլինի Եվրասիական միությունը, որը կտանի ավելի մեծ ճգնաժամի:
– Ռուսաստանն իր ներսում այսօր չի կարողանում պետական իշխանությունը ազատել կոռումպացրած տարրերից: Այդ երկրի ամենաբարձր պաշտոնյաները համարվում են ամենից կոռումպացվածվածներն ու հանկարծակի հարստացածները: Նույն Պուտինի ահռելի հարստության մասին առասպելներ են պտտվում: Կապվել նմանատիպ պետության հետ՝ նշանակում է ունենալ վտանգված պետական ապագա: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա այս պահին այն փաստացիորեն պարտադրվում է Հայաստանին, և մեր իշխանություններն էլ կարծես թե ի զորու չեն դիմադրելու, որովհետև ռուսները սկսել են խաղարկել Ղարաբաղի հարցը: Ակնհայտ է նաև Ռուսաստանի գաղութատիրական նկրտումները: Արդեն նույնիսկ մանր չինովնիկներն են սկսել նույնացնել Հայաստանը ռուսական մարզերի հետ: Նկատի ունեմ օրերս ՌԴ նախագահի տխրահռչակ խորհրդականի հայտնի համեմատությունը Հայաստանի ու Քյոնինսբերգի (Կալինինգրադի) միջև:
Ինչ վերաբերում է Եվրասիականությանը, ապա հայտնի է, որ այն պատմականորեն եղել է Ռուսաստանի գաղութային քաղաքականության աշխարհաքաղաքական գաղափարախոսությունը: Հիմնական գաղափարն այն է, որ Ռուսաստանը հռչակվում է իր կողմից գաղութացված ժողովուրդների համար որպես քաղաքակրթական միջնորդ: Տեսեք, Խորհրդային Միության տարիներին մենք աշխարհի հետ շփվում էինք ռուսերենով ու Ռուսաստանի միջոցով: Հիմա եթե մենք թույլ տանք Ռուսաստանին նորից դառնալ մեր գլխի տերը, մենք տեսնելու ենք դրա ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային: Եվ ռուսական այդ մահակը, որը սարսափելի հին է ու հետամնաց, մենք զգալու ենք մեր կյանքի ավելի ու ավելի շատ իրավիճակներում:
– Կարծիք կա, որ սա ոչ թե Ռուսաստանի, այլ Պուտինի անձնական ինքնահաստատման ամբիցիաներն են Հայաստանի հետ հարաբերություններում, և միայն նրա փոփոխության դեպքում այլ իրավիճակ կունենանք:
– Դա մտային մանիպուլյացիա է: Պուտինի վարած քաղաքականությունը արտացոլում է Ռուսաստանի քաղաքակրթվածության արդի վիճակը: Եթե հրաշք տեղի ունենա, և Ռուսաստանում իշխանության գան քաղաքակիրթ ու դեմոկրատական ուժեր, ապա իր հարևանների հետ այդ երկրի փոխհարաբերության պրակտիկաներն էլ կփոխվեն: Եթե Ռուսաստանը ունենա ավելի զարգացած իշխանություններ, ապա նա չի իրականացնի գաղութային քաղաքականություն, որովհետև զարգացած երկրներն ազդեցությունը իրացնելու ավելի փափուկ ձևեր ունեն: Իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ 200-ամյա հնության գործիքների հույսին, և Պուտինն ընդամենը այնպիսի մի քաղաքական գործիչ է, ով իրացնում է իր երկրի քաղաքականությունը այդ գործիքների միջոցով:
– Եվրոպան արդյոք սրանից հետո երես կթեքի՞ Հայաստանից:
– Որքան ես եմ հասկանում՝ Եվրոպան երբեք էլ ոչ մեկից երես չի թեքում: Իր քաղաքականությունը կառուցված է բացվելու սկզբունքի հիման վրա: Ինքը կբացվի նրանց հանդեպ, ովքեր ուզում են որպես գործընկեր համագործակցել իր հետ: Պարզապես դրա համար հարկավոր է ընդունել քաղաքակրթական այդ միջավայրին բնորոշ պրակտիկաներն ու խաղի կանոնները: Եթե հրաժարվում ես այդ պրակտիկաներն ու խաղի կանոնները յուրացնելուց, նշանակում է դու անընդհատ անհարմարություններ կստեղծես մյուսների համար: Դա նման է այն բանին, որ տանդ հյուրընկալես մեկին, ում համար սովորական է ամեն առավոտ իր կնոջը ծեծելը՝ այն դեպքում, երբ քո ընտանիքի անդամների համար դա վայրագություն է ու սկզբունքորեն անընդունելի:
– Ավելի բա՞րդ վիճակում ենք, քան կարող էինք ենթադրել:
– Կարծում եմ՝ այո: Այդ ռեգրեսը, որը մենք հատկապես ապրել ենք 1998 թվականից ի վեր, որևէ կերպ չի կարելի արդարացնել: Եթե անվտանգության հարցը համարենք շատ կարևոր, այս պահին Սերժ Սարգսյանն այլընտրանք չունեցավ: Բայց այդ իրավիճակ ստեղծողը նույնպես եղել է Սերժ Սարգսյանը, որովհետև նա երկրի նախագահն է ու արդեն՝ երկրորդ ժամկետով: Այդ ժամանակահատվածում նա պարտավոր էր երկիրը նախապատրաստել Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Դժվար չէր ենթադրել, որ Ռուսաստանի հետ կապված ծագելու էին անվտանգության խնդիրներ, և դրանց լուծման համար հարկավոր էր ստրատեգիական բնույթի քայլեր անել: Հատկապես, առանցքային էր երկրի ներսում ժողովրդավարական իրական բարեփոխումների իրականացումը: Բայց ինքը հավատարիմ մնաց իր օլիգարխիկ հենարանին: Ադյունքում օլիգարխան երկիրն այսօր տանում է կործանման, քանի որ վտանգի դեպքում իրենք իրենց գումարներով հանդերձ՝ կփախչեն տարբեր երկրներ ու կվայելեն: Առաջին անգամ չէ, որ մենք տուժում ենք վերնախավերի ապաշնորհության պատճառով՝ զրկվել ենք նույնիսկ պետականությունից: Կարծում եմ, որ այսօր դա հանդուրժելու իրավունք չունենք:








































