Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 2-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հասրաթյան փողոցում` զորամասի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 96 MS 666 (վարորդ՝ 39-ամյա Մովսես Ղ.) և «Toyota Camry» մակնիշի Н564ОУ777 համարանիշերի (վարորդ՝ 38-ամյա Սարգիս Ս.) ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Մովսես Ղ.-ին:
Մովսես Ղ.-ն, նույն ավտոմեքենայի ուղևորը և Սարգիս Ս.-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջին երկուսը հրաժարվել են բուժօգնությունից, իսկ Մովսես Ղ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: