Մայիսի 1-ին, քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դիտարկմանը, որ Տարոն Մարգարյանն ասել է, որ փնտրել ու չի գտել քաղաքապետի մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերը, Փաշինյանն արձագանքեց. «Դա խոսում է Տարոն Մարգարյանի թիմի աշխատունակության մասին: Դրա համար ցանկացած քաղաքացուց կպահանջվի 1,5 րոպե»:
Հարցին՝ ծանո՞թ է քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրին, Փաշինյանը պատասխանեց. «Ես ծանոթ եմ նրանց արածներին: Ես ծանոթ եմ այն ծրագրերին, որոնք նրանք նախատեսել են իրականացնել, և չեն իրականացրել: Տարոն Մարգարյանի նախորդ անգամվա նախընտրական ծրագրի 60 տոկոսից ավելին չի իրականացվել»:
Դիտարկմանը, որ ԱԺ ընտրություններում պարտված թեկնածու Առաքել Մովսիսյանը հայտարարել է, թե Երևանի ավագանու ընտրություններում աջակցելու է Տարոն Մարգարյանին, թեև ինքը Երևանի բնակիչ չէ, Փաշինյանն ասաց. «Քաչալը ճար ունենար, իր գլխին կաներ: Ինչքան շատ Առաքել Մովսիսյանը ներգրավված լինի Տարոն Մարգարյանի քարոզարշավին… խնդրում եմ, թող մաքսիմալ ակտիվ նա մասնակցի Տարոն Մարգարյանի քարոզարշավին: Դա ևս մի լուրջ փաստարկ կլինի և շատ մեծ հաջողություն կբերի, մեր ձայների թիվը էապես կմեծանա: Ուզում եմ ձեր ընթերցողներին հիշեցնել, որ Առաքել Մովսիսյանը Շմայսն է»:









































