Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած դանիացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության անդամներին՝ Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց պատվիրակության այցելությունը` ընդգծելով, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել դանիական պատվիրակության այցելությունը Արցախ՝ ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում առաջին ձեռքից տեղեկանալ ղարաբաղյան հիմնախնդրի և հնարավոր զարգացումների մասին։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության կողմից ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Հանդիպմանը անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումներին, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությանն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությանը:










































