Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն չկա: Սեպտեմբերի 10-ին` ԱԺ նիստի ժամանակ, արձագանքելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մտահոգությանը՝ այս մասին նշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Անկեղծ ասած` այս խնդրով սոցիոլոգիական հարցումներ չեն կատարվել: Ընտրական օրենսգրքում կատարվել են որոշակի փոփոխություններ: ԱԺ-ում խմբակցություններ ունեցող կուսակցություններն իրենք են ներկայացնում Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն անգամ եթե որևէ հանձնաժողովի անդամ դիմում-բողոք չի գրում, հետագայում հնչում են տարբեր տեսակետներ»,- ասաց նա:
Մուկուչյանի համոզմամբ` առնվազն պիտի լինի պատասխանատվություն նշանակված անձի համար, երբ ընդհանուր դատողություններ են արվում, սկզբնաղբյուրը պիտի հանդիսանան հենց հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, որոնք ունեն ճիշտ հակառակ կարծիքը, սակայն արդյունքում արվում են այլ դատողություններ:
Որպես օրինակ՝ ԿԸՀ նախագահը մատնանշեց Երևանի քաղաքապետի ընտրությունները, երբ մինչև քվեարկության օրը ստացվում էին վերահաշվարկի դիմումներ: Մուկուչյանի համոզմամբ` ԸՕ-ում ամրագրված իրավանորմերը հնարավորություն տալիս են լիարժեք կերպով վերահսկողական մեխանիզմները ծածկելու: Մուկուչյանը ձեռնպահ մնաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեսակետ հայտնելուց:








































