Ապրիլի 21-ին տեղի էր ունեցել Դատավորների միության ընդհանուր ժողովը, որի ժամանակ պետք է միության նախագահ ընտրվեր, սակայն նախագահի ընտրությունը չէր կայացել, քանի որ առաջադրված երկու թեկնածուներից ոչ մեկը՝ ո՛չ միության գործող նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ո՛չ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը, անհրաժեշտ թվով ձայն չէին հավաքել: Միության նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է 114 ձայն, մինչդեռ Հրաչիկ Սարգսյանը հավաքել էր 100, իսկ Արսեն Մկրտչյանը՝ 91 ձայն:
Բանն այն է, որ «հին գվարդիան» ցանկանում է Դատավորների միության նախագահի պաշտոնում տեսնել Հրաչիկ Սարգսյանին, իսկ «նոր գվարդիան»՝ Արսեն Մկրտչյանին: Ստեղծված իրավիճակում Հրաչիկ Սարգսյանի շանսերն ավելի մեծ են, քանի որ «հին գվարդիան» դատական համակարգում ավելի շատ է, և իր խոսքը, ուրիշներին համոզելու ընդունակությունը բավական մեծ է: Եթե այս վիճակում կայանային նոր ընտրություններ, ապա Հրաչիկ Սարգսյանի շանսերն ավելի մեծ են, սակայն գործին որոշել է խառնվել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը՝ կանոնակարգային մի շարք դրույթներ ոտնահարելով առաջադրելով իր թեկնածուին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանին, ով էլ, ըստ ամենայնի, դառնալու է Դատավորների միության նախագահ, քանի որ Մկրտումյանը ներկա պահին ակտիվորեն զբաղված է Երվանդ Խունդկարյանի «քարոզչությամբ»:
Մկրտումյանը որոշել է միանձնյա, անտեսելով առկա կանոնակարգը, որը հստակ սահմանում է, թե երբ և ինչպես կարող են կայանալ ընտրությունները, նիստի օր նշանակել, որի ժամանակ էլ կկայանա նախագահի ընտրությունը: Այս հանգամանքը լարվածություն է առաջ բերել դատավորների շրջանում: Նրանց հիմնական մասի համար նախընտրելի թեկնածուն Հրաչիկ Սարգսյանն է, սակայն երբ գործին խառնվել է Արման Մկրտումյանը, իրենց գործը, սեփական նախապատվությամբ որոշում կայացնելու հարցը բարդանում է:
Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորներին արդեն իսկ զգուշացվել է, որ եթե ընտրության օրը չքվեարկեն Խունդկարյանի օգտին, ապա նրանց համար, մեղմ ասած, «լավ չի լինելու», քանի որ հնարավոր է նրանց կոռուպցիոն գործունեության մասին, և ոչ միայն, տեսանյութերի տեսքով ուշագրավ դրվագներ հայտնվեն համացանցում:
Մկրտումյանի շահագրգռվածությունը այս հարցում այնքան էլ հասկանալի չէ, քանի որ դատավորների ընդհանուր միությունը առանձնապես «հարց լուծող» կառույց չէ, ավելի շատ ընթացակարգային հարցեր է կարգավորում: Միությունը ունի Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև ուսումնական հարցերի հանձնաժողովներ, որոնք դիմումների առկայության դեպքում քննարկումներ են կազմակերպում:
Պարզապես Մկրտումյանը, քանի որ ամբողջ դատական համակարգը, վճռաբեկ դատարանը սարքել է իր «դուքյանը», ցանկանում է այս կառույցն էլ իրենով անել, որ ոչ մի խնդիր չառաջանա:









































