Վարչապետի որոշմամբ առևտրականների խնդրի կարգավորման համար ձևավորված հանձնաժողովը շարունակում է ակտիվ հանդիպումները Կարեն Կարապետյանի՝ հարկային խնդիրները համակարգող օգնական Հայկ Զոհրաբյանի, ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու իրենց պայմանները և խնդրին լուծում տալու:
«Առինջ մոլի» աշխատակից Արմեն Ներսիսյանը ակտիվորեն մասնակցում է այս հանդիպումներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ամբողջ օրը առևտրականները հանդիպում են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնում իրենց պահանջները:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ վարչապետի հանձնարարականով ստեղծվող հանձնաժողովը պետք է ուսումնասիրի խնդիրները, բայց տոնավաճառի աշխատակիցների պահանջը՝ ազատել իրենց փաստաթղթաշրջանառությունից, չի բավարարվի:
«Առինջ մոլի» աշխատակից Արմեն Ներսիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կառավարության հետ լեզու ենք գտել, այս պահին ստուգումները դադարեցվել են, և ստուգումներ չեն իրականացվի մինչև վերջնական լուծում գտնենք, օրենքը մեր մասով պիտի փոխվի: Մենք առաջարկում ենք մեկ պատուհան սկզբունքը, որ հարկերը հարկվեն մեկ պատուհան սկզբունքով, մենք խիղճներս հանգիստ գանք աշխատենք: Դեռ քննարկման փուլում է սա, մեզ ասում են՝ գրի առեք, տարբերակներ եք առաջարկում, արդյոք ժողովուրդը ամբողջությամբ համաձայն կլինի՞, մենք էլ ասել ենք՝ ստորագրահավաք կանենք, կամ ստորագրահավաքը 50/50 եղավ, հիսուն տոկոսը կաշխատեն մեկ պատուհան սկզբունքով: Ստացվում է՝ մենք բոլոր տեսակի հարկերը վճարում ենք սահմանին, տոնավաճառը պիտի տա մեզ պայմանագիր, խիղճներս հանգիստ աշխատենք: Մենք չենք խուսափում հարկերից: Հիմա ովքեր կհամաձայնեն աշխատել մեր առաջարկած տարբերակով առաջիկա հինգ տարիներին, թող աշխատեն այդ տարբերակով, իսկ ով չի համաձայնի, ում համար մեկ է, որ իրեն ասում են՝ ստախոս, թող աշխատի հիմիկվա տարբերակով»,- հավելեց Արմեն Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ որևէ կարիք չկա այդքան աշխատող պահել առևտրականներին վերահսկելու համար, թող լինի մեկ պատուհանի սկզբունքը:
«Մենք ասում ենք՝ եկեք խնդիրը լուծենք գլխից: Չէ՞ որ ես քսան տոկոս սահմանին եմ տալիս և տեղյակ չեմ՝ կվաճառե՞մ այդ ապրանքը, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այս տարբերակին առևտրականների 70 տոկոսը համաձայն է, իսկ 30 տոկոսը խաբեբա է, չի ուզում մուծի, սա արդարացի լուծում է: Հիմա հարկերից խուսափողն ու չխուսափողը խառնվել են իրար: Մենք ստվերի տակ չթաքնվենք հարկադրաբար. կարծես թե հասկացել են խնդիրը: Դեռ քննարկման փուլում ենք»,- ասաց Արմեն Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրին «Փեթակ», «Ֆիրդուսի», «Առինջ մոլ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները: Խնդիրը հարկային բեռն է: Առևտրի կենտրոնների աշխատակիցները պատմում էին, որ արդեն մի քանի օր է՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում և հաճախորդների պայուսակներն են ստուգում, պահանջում են կտրոններ:










































