Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ինքնասպանագետ Կամո Վարդանյանի հավաստմամբ՝ ինքնասպանությունների թիվը աճել է: Ինքնասպանություններ եղել են բոլոր ժամանակներում, անգամ որոշ ազգերի ծիսական արարողություններում են եղել ինքնասպանություններ: Վերջին ժամանակներս ինքնասպանության դրսևորումները բազմաձև են: Ինչպես նշեց մասնագետը՝ գիտական գրականության մեջ գոյություն ունի ինքնասպանության 843 պատճառ:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, առկա են ինքնասպանության զարգացման միտումներ: Եթե 2009 թվականին ինքնասպանության փորձ է արել և ինքնասպանություն գործել 498 քաղաքացի, ապա 2012 թվականին այդ թիվը կազմել է 740: Նրա հավաստմամբ՝ մեկ օրում իրականացվում է երկու ինքնասպանություն և ինքնասպանության փորձ: Ինչ վերաբերում է ինքնասպանությունը մինչև վերջ հասցնելուն, ապա 2009 թվականին Հայաստանում այդ թիվը կազմել է 197, 2010-ին՝ 195, 2011-ին՝ 225, 2012-ին՝ 214, 2013-ի առաջին կեսին՝ 107:
«Եթե այսօր համապատասխան միջոցառումներ չձեռնարկենք, վաղը լուրջ խնդիրների առաջ կկանգնենք: Պետք է մշակել ազգային, գիտական ծրագրեր, որպեսզի երևույթը կանխարգելենք: Փորձը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների քանակը հնարավոր է պակասեցնել»:
Պատճառների մասին խոսելով՝ պրն Վարդանյանն ասաց, որ անհատի մոտ կարող է լինել էկոլոգիական սթրես, կարող են լինել մարդաբանական, ախտաբանական, ֆիզիոլոգիական, մոլեկուլային և այլ պատճառներ. «Ցանկացած ինքնասպանություն իր մեջ իմաստ ունի, դրանք երեքն են՝ ուշադրություն գրավելու համար, աֆեկտիվ վիճակում կատարված և իսկական ինքնասպանություններ»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանն էլ հավելեց, որ մեկ գործոն չէ, որ հանգեցնում է ինքնասպանության. «Չպետք է փնտրել մեղավորներ. նման դեպքերում փորձում են մեղավորներ փնտրել, սակայն որոշ դեպքերում մենք ենք մեղավոր, որովհետև անհաղորդ ենք մեր շրջապատի նկատմամբ»:






































