Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հայտարարում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ համագործակցության նոր փուլի մասին: Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկու կառույցների միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ արհմիությունների կոնֆեդերացիայի հետ համագործակցությունը պաշտոնական ընթացք է ստացել դեռ 2009 թվականին: «Համագործակցության խթանման անհրաժեշտությունը նկատելի է, կարիք կա նաև հասարակությանը ներկայացնել մեր կառույցների աշխատանքը: Երկուսս էլ «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի անդամ ենք, մասնակցում ենք Երևանում կամ արտերկրում ընթացող տարատեսակ քննարկումների»,- ասաց նա:
Մակարյանը նշեց, որ համաձայնագրի հիմքում աշխատանքի պաշտպանության խնդիրներն են, թեմաները, որոնցում արհմիությունների կոնֆեդերացիան շահագրգռված է քաղաքացիական հասարակության ակտիվացմամբ և իրենց դերակատարության ուժեղացմամբ, որպեսզի տարբեր խնդիրներ անցնեն իրենց սանդղակով:
«Մենք պետք է տեղյակ լինենք իրադարձություններին, մասնակցենք դրանց և դերակատարում ունենանք։Այս համաձայնագիրը նաև համայնքներում սոցիալական գործընկերության զարգացմանն է նպատակաուղղված։ Մարզերում մարդիկ ավելի վատ են տեղեկացված, իրավունքների հետ կապված խնդիրներն ավելի ցայտուն են»,- ասաց նա: Մակարյանի խոսքերով՝ գործատուին պետք չէ դիտարկել որպես բիզնես, այդ մանդատը շատ լայն է և իրենք ուզում են, որ ավելի լայն մտածելակերպի գործատուների դաս ձևավորվի:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը նշեց, որ իրենց համար շատ ողջունելի է գործնական և կիրառական բնույթի այս համաձայնագրի ստորագրումը, որն աշխատանքային ապահով, անվտանգ պայմանների ստեղծմանն է ուղղված: Նրա խոսքերով՝ աշխատող-գործատու հարաբերության մեջ դրվում է կոլեկտիվ պայմանագիրը, որտեղ հավելյալ վարձատրության ակտեր են գնում. դրանք ի պատիվ աշխատողի են և արժանապատիվ աշխատանքին ուղղված պայմաններ են ստեղծում:
«Մենք ձգտում ենք հասնել արժանապատիվ աշխատանքի, մեր պահանջն է նվազագույն աշխատավարձը մոտեցնել կենսապահովման նվազագույն զամբյուղին»,- ասաց նա: Թումասյանը նկատեց, որ թեև կոնկրետ հիմնարկություն չկա արհմիությունների կոնֆեդերացիայի հսկողության տակ, սակայն իրենք անում են մաքսիմալը բոլոր ոլորտներում՝ և՛ օրենսդրական դաշտում են աշխատում, և՛ «Նաիրիտի» վերաբերյալ պահանջ են ներկայացրել, որ աշխատավարձ վճարվի, եղել են նաև իրենց իրավունքների համար պայքարող ակտիվիստների կողմից, ուստի արհմիությանն անգործության մեջ մեղադրել չի կարելի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































