ԱՄՆ-ում տեղակայված Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի օգտագործման պատասխանատվությունը դրել է Սիրիայի իշխանությունների վրա: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Առկա ապացույցները լուրջ հիմք են՝ ենթադրելու, որ Սիրիայի կառավարական ուժերը պատասխանատու են 2013թ. օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում քիմիական հարձակման համար: Այդ հարձակումներում, որոնք խլել են հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ շատ երեխաների կյանք, ակնհայտորեն օգտագործվել է նյարդակաթվածային գազ, ամենայն հավանականությամբ՝ զարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ HRW-ի ներկայացուցիչները կողմ կամ դեմ չէին արտահայտվել Սիրիա ռազմական միջամտությանը: Նրանք նշել էին, որ ցանկացած զինված միջամտության մասին պետք է դատել ելնելով նրանից, թե սիրիացի քաղաքացիները հետագայում որքան պաշտպանված կլինեն հանցագործություններից:









































