Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագահը կլինի Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին նախարարների կաբինետի ղեկավարը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Երբ ավարտվեն նախագահական ընտրությունները, իմ խորին համոզմամբ՝ նախագահ կդառնա Մարգվելաշվիլին, և դա կլինի իդեալական տարբերակ: Ես ունեմ վերլուծելու ունակություն և գիտեմ մարդկանց մոտեցումը: Երբ լրագրողներից մեկը հարցրեց ինձ՝ իսկ ի՞նչ կլինի, եթե այդպես չպատահի, ես պատասխանեցի՝ այդ դեպքում, իհարկե, պատասխանատվությունը կհանեմ ինձնից… Այդ ժամանակ պետք է հեռանալ, եթե չես կարողանում ո´չ վերլուծել, ո´չ էլ վայելում ես հասարակության վստահությունը, որը իմ կարծիքով՝ վստահում է ինձ: Ես ցանկանում եմ ծառայել հասարակությանը, ոչ թե նրան պարտադրել իմ ծառայությունը: Եթե տեսնեմ, որ դա ինձ մոտ այլևս չի ստացվում և վստահություն չեմ վայելում, ուրեմն կհամարեմ, որ ազատ եմ, և որ բոլոր 4 կողմերը բաց են ինձ համար, և ինչպես ցանկանամ՝ այդպես էլ կապրեմ, որտեղ ցանկանամ՝ այնտեղ էլ կապրեմ»,- հայտարարել է վարչապետ Իվանիշվիլին:









































