Դամասկոսը պատրաստ է կրկին ընդունել ՄԱԿ-ի տեսուչներին՝ քիմիական զենքի հնարավոր կիրառումը հետաքննելու համար: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Սերգեյ Լավրովի հետ համատեղ անցկացված մամլո ասուլիսին:
«Մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական որոշումը ճգնաժամի միակ լուծումն է: Սակայն եթե ագրեսիա լինի, ապա մեր դիրքորոշումը կփոխվի»,- սիրիացի նախարարի խոսքերն է մեջբերում Interfax-ը:
Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մուալեմի հետ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են հասնել ՄԱԿ-ի տեսուչների շուտափույթ վերադարձմանը՝ ավարտին հասցնելու աշխատանքը քիմիական զենքի կիրառման բոլոր հաղորդագրությունների վերաբերյալ:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ շուտով կվերադարձնի տեսուչներին: Մենք կասկածներ ունենք, որ դրան կարող են միտումնավոր փորձել խոչընդոտել, և մենք կոշտ կերպով կհասնենք նրան, որպեսզի տեսուչներն ավարտեն իրենց աշխատանքը»,- ասել է Լավրովը:








































