ՀՀԿ անդամ, պատգամավոր Արտաշես Գեղամյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումն անակնկալ էր: ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին Գեղամյանը նշեց, որ մի շարք անձանց կողմից հնչած ելույթները գալիս են ապացուցելու, որ շատերը բացարձակապես անուշադիր են եղել ՀՀ նախագահի՝ գոնե այս տարվա ելույթների նկատմամբ: «Լեհաստանում նա ասաց՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք իրեն թույլ չի տա գործողություններ, որոնք կվնասեն մեր ռազմավարական դաշնակցի, այն է՝ Ռուսաստանի, և մեր երկրի շահերին: Քիշինևում նա ուղղակիորեն նշեց, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը զրոյական էֆեկտ կունենա, եթե Թուրքիան չբացի իր սահմանները»,- ասաց նա:
Գեղամյանը նշեց, որ եթե ուշադիր վերլուծության ենթարկենք մեր անմիջական սահմանների շուրջ կատարվող իրադարձությունները, կհասկանանք, որ Եվրասիական միության այլընտրանքը պատերազմն է, ուստի ՀՀ նախագահի այս քայլը գովելի է. մենք մեր ռուս բարեկամներին հուշում ենք, որ դա հեշտ որոշում չի եղել, և դրան պիտի հետևի ամենաբարձր մակարդակով հնչած խոստումների իրականացումը:
ԱԺ նախագահը նկատեց՝ մեր երկրում որևէ մեկը չի ասել՝ մենք չենք ստորագրելու Ասոցացման պայմանագիրը, սակայն Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ցանկացած պայմանագրի ստորագրման ժամանակ գոյություն ունի երկու կողմ, իսկ այս պահի դրությամբ երկրորդ կողմը հրաժարվում է ստորագրելուց:








































