Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է սահմանադրական հանրաքվեն դիտարկելու եկած ԵԱՀԿ առաքելության անդամներին ահաբեկիչներ լինելու մեջ: Այս մասին գրում է թուրքական T 24 լրատվական գործակալությունը:
Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ը հանրաքվեին հետևելու նպատակով անկողմնակալ դիտորդների ուղարկելու փոխարեն ահաբեկչական խմբավորման անդամների է ուղարկել: Ցույց տալով դիտորդական առաքելության կազմում գտնվող անդամներից մեկի լուսանկարը, որտեղ վերջինս բռնել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դրոշը` Էրդողանն ասել է. «Ինչպես կարող է PKK-ի դրոշը պահած անձն անկողմնակալ լինել: Այս մարդն այստեղ զեկույց է պատրաստում որպես մի ահաբեկիչ: Ինչպե՞ս կարելի է ընդունել նրա զեկույցը»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն հայտարարություն էր տարածել սահմանդրական փոփոխությունների հարցով Թուրքիայում անցկացված հանրաքվեի վերաբերյալ: Հայտարարության համաձայն՝ հանրաքվեն անց է կացվել երկու կողմերի համար անհավասար հնարավորությունների պայմաններում, բացի այդ հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին:








































